«Կոշ» քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալ Համլետ Ղազարյանի վիճակը ծանր է: Օրերս լրանում է մեկ տարի, ինչ դատապարտյալը կուլ էր տվել խաչաձև մեխե, որոնք սակայն այդպես էլ դուրս չբերվեցին նրա մարմնից: Այս մասին YerevanNews.am-ին հայտնեցին դատապարտյալի հարազատները: 

Համլետ Ղազարյանը 47 տարեկան է, սակայն կշռում է ընդամենը 48 կգ: Դատապարտյալի հարազատները հայտնում են, որ նրա վիճակը ծանր է: Տարբեր հիվանդանոցներ բուժօգնության համար դիմած Համլետին չեն վիրահատել, բժիշկները ասում են՝ բարդ վիրահատություն է: Նրան անընդհատ տանում են տարբեր հիվանդանոցներ ռենտգենի, սակայն գործը դրանից առաջ չի գնում: Վիրահատությունն անընդհատ հետաձգվում է:

Համլետ Ղազարյանի որովայնը ուռել է, ձեռքը՝ քաշվել, աղիքները թախախակալված են: Կուլ տված մեխերը խցանվել են և մսակալվել: Ըստ հարազատների, դատապարտյալի վիճակը օր օրի վատանում է, սակայն ոչ մի բուժօգնություն չի տրամադրվում: Հարազատները պնդում են, որ սա վրեժ է՝ Համլետի բողոքների դիմաց, իսկ վիրահատությունը հետաձգվում է նաև այն պատճառով, որ «պետպատվերը վերջացել է»:

Հարազատների խոսքերով հաջորդ ամիս լրանում է նրա բանտարկման ժամկետը, սակայն նա կասկածում է, որ դուրս կգա: Համելտ Ղազարյանը պահանջում է Արդարադատության նաարարի հետ հանդիպում: 

Նշենք, որ YerevanNews.am-ը բազմաթիվ անգամներ բարձրաձայնել է այս դեպքի մասին: Համլետ Ղազարյանը գտնվում էր «Արթիկ» ՔԿՀ-ում և ենթարկվում էր ճնշումների: Արդյունքում, նրան տեղափոխեցին «Կոշ» ՔԿՀ: