1. Ձիթապտուղ և ձիթապտղի ձեթ
Ձիթապտուղը և ձիթապտղի յուղը հարուստ են օմեգա 3 ճարպաթթուներով ու շատ օգտակար են մազերի, մաշկի ու եղունգների համար, քանի որ լավացնում են արյան շրջանառությունը: Այդ օգտակար ճարպերն օգնում են նաև պայքարել մաշկի գրգռվածության ու կարմրության դեմ:
Ձիթապտուղը հարուստ է նաև հզոր բնական հակաօքսիդանտներով, իսկ ձիթապտղի յուղը, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, օգնում է պաշտպանել օրգանիզմը սրտի ու անոթների խնդիրներից, հիպերտոնիայից, ինսուլտից ու արյան մեջ խոլեսթերինի բարձր մակարդակից:
2. Ձմերուկ
Ձմերուկը հարուստ է վիտամին C-ով, որը նպաստում է մաշկի վերքերի ապաքինմանը: Ձմերուկում պարունակվող մյուս նյութերը լավացնում են արյան շրջանառությունը, ինչը նույնպես նպաստում է մաշկի արտաքին տեսքի լավացմանը: Մասնագետը խորհուրդ է տալիս ուտել ձմերուկ՝ շաբաթական 2-3 անգամ, փոքր չափաբաժիններով:
3. Նուռ
Նուռն օգնում է մաշկը պաշտպանել այն վնասվածքներից, որոնք հասցնում են ազատ ռադիկալները, նաև պահպանել կոլագենի քանակությունը, որն անհրաժեշտ է ձիգ մաշկ ունենալու համար: Որոշ հետազոտություններ նաև ցույց են տվել, որ նռից պատրաստված դիմաքսուկները նպաստում են մաշկի առողջությանը:
Ավելին, նռան մեջ պարունակվող բջջանյութը լավացնում է աղիների աշխատանքը, ինչը նույնպես դրական է ազդում մաշկի արտաքին տեսքի վրա:
4. Սպանախ
Սպանախում պարունակվող նյութերն օգնում են պահպանել մաշկի առաձգականությունը և մաքրում են այն: Մասնագետը խորհուրդ է տալիս ամեն օր սպանախ ուտել:
5. Հապալաս, ազնվամորի, մոշ
Այս հատապտուղները մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ են պարունակում ու շատ օգտակար են թե՛ առողջության, թե՛ արտաքին տեսքի համար: Դրանք բարձրացնում են իմունիտետն ու պայքարում մաշկի բորբոքումների ու կարմրության դեմ: Անհրաժեշտ արդյունավետություն ապահովելու համար այս հատապտուղները պետք է հնարավորինս հաճախ ուտել, ցանկալի է՝ ամեն օր:
Վրեժ Հովսեփյան