ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Սեդրակ Զատիկյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի՝ դրդչի մասով առանձնացված վարույթի նախաքննությունը:
Նախնական քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել, որ 2006 թվականի հունիսին Սեդրակ Զատիկյանի սպանությունը դրդելուն մասնակցություն է ունեցել քաղաքացի Ն.Խաչատրյանը։ Վերջինս Ս.Հակոբյանի հետ, նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պատճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Ա.Առուշանյանին նյութապես շահագրգռելով, դրդել` պատվիրել է սպանել Սեդրակ Զատիկյանին:
Ա.Առուշանյանը, ընդունելով Սեդրակ Զատիկյանին գումարի դիմաց սպանելու պատվերը, 2006 թվականի հունիսի 22-ին` ժամը 14:45-ի սահմաններում, Ա.Հովհաննիսյանի և Լ.Ղևոնդյանի օժանդակությամբ, Երևան քաղաքի Սեբաստիա և Տիչինա փողոցների հատման խաչմերուկում, 1992 թվականից ապօրինի ձեռք բերած և այդ պահին կրած, հրազեն հանդիսացող «ԱԿՍ» տեսակի ինքնաձիգով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, սպանելու ուղղակի դիտավորությամբ, կրակոցներ է արձակել Սեդրակ Զատիկյանի վարած «Մերսեդես Բենց G-55» մակնիշի «10 ՏՏ 045» պետհամարանիշի ավտոմեքենայի վրա։
Արդյունքում՝ ավտոմեքենայի ղեկին նստած Սեդրակ Զատիկյանը և պատահական անցորդ Կարինե Սարգսյանը տեղում մահացել են: Սպանությունից հետո Ա.Առուշանյանը Ն.Խաչատրյանից և Ս. Հակոբյանից, վերջիններիս ընկերոջ միջոցով, Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասում ստացել է սպանության դիմաց խոստացված գումարի մի մասը, իսկ մնացած մասը չի ստացել՝ հետագայում ունեցած տարաձայնությունների պատճառով:
Ն.Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացվել է 2007 թվականի հուլիսի 9-ին, և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում։ Վերջինս հայտնաբերվել է 8 տարի անց՝ 2015 թվականի մայիսին։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Ն.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:
Նշենք, որ մյուս 4 մեղադրյալների մասով քրեական գործերը դատարան են ուղարկվել ավելի վաղ, և կայացվել է մեղադրական դատավճիռ: