Այսօր կառավարության նիստում ընդունվեցին պետական գնումների ոլորտը կանոնակարգվող որոշումներ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը խիստ հանձնարարականներով հանդես եկավ: Վերջինս նախարարներին ավելի մանրամասն ներկայացրեց ոլորտի փոփոխությունները, ասելով. «Հասկացա՞ք ամեն ինչ: Եթե ոչ կարող եմ բացատրել: Հիմա հասկանալի ձևով բացատրեմ, թե ինչ դրական փոփոխություն է սա բերելու»:

Տիգրան Սարգսյանի խոսքով ֆինանսների նախարարությունը դուրս է գրել այն բոլոր ապրանքատեսակները, որոնք կրկնվող գնումներ են և ամեն տարի ձեռք է բերվում պետական գնումների միջոցով:

«Հսկող մարմինները հայտնաբերել են, որ շատ հաճախ այդ կրկնվող ապրանքների գինը մրցույթով լինում է ավելի բարձր, քան կարելի է գնել խանութոում: Հիմա մենք ֆիլտր ենք սահմանում, եթե մեկը թանկ թուղթ կամ գրիչ է գնում, պետք է հիմնավորել՝ ինչո՞ւ որոշեցին թանկ գնել: Եթե մակարոն ենք առնելու, այս 4 տեսակները պետք է առնենք, թանկ մակարոն չպետք է առնենք»,-իր խոսքում նշեց Տիգրան Սարգսյանն ավելացնելով, որ բոլոր նախարարներն իրենց հսկողության տակ են պահելու  յուրաքանչյուր տարի ձեռք բերվող ապրանքների գները: 

«Մոտավորապես 70-80 տոկոս կրկնվող գնումներ են և գնումների նկատմամբ լինելու է այս ֆիլտրը` վերահսկողական ֆիլտր, որ մեր հանրությունը վստահ լինի, որ գնումների պարագայում ձեռք ենք բերում մանրածախ գնումներին համահունչ գներով և արգելում ենք դրանից բարձր գներով ձեռք բերել»,-ասաց վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը: