Հոկտեմբերի 15-ին սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասում՝ ավազակային հարձակման էին ենթարկվել ամուսիններ Շ. Ալիյանը և Թ. Սադայանը: Ամուսիններն ազգությամբ եզդի են, և լուրն ու դեպքին վերաբերող սարսափելի լուսանկարների տարածումից հետո ինձ հետ կապվել են եզդիներ աշխարհի տարբեր երկրներից և փորձում են հասկանալ՝ արդյո՞ք ազգային հողի վրա է տեղի ունեցել հարձակումը:
Դիմում եմ բոլոր այն եզդիներին, ովքեր անհանգստացած են ամուսինների հետ կատարված դեպքով՝ հարգելիներս, հանցագործն ազգություն չի ճանաչում: Տեղի ունեցածն ավազակային հարձակում է, որի ժամանակ ավազակներն անմարդկային են վարվել ՀՀ ազգությամբ եզդի քաղաքացիների հետ: Ինքս արդեն խոսել եմ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ: Դեպքի մանրամասները դեռևս պարզ չեն, սակայն արդեն իսկ հայտնի է, որ ավազակները տուժողների տանից տարել են գումար և ոսկյա իրեր: Խոսել եմ նաև տուժողների հարազատների հետ, և իրենք էլ վստահ են, որ սա ազգություն չճանաչող հանցագործություն է, և հույս են հայտնում, որ ՀՀ ոստիկանությունը շատ արագ կգտնի այդ ստահակներին:
Ինքս էլ վստահ եմ, որ հանցագործները պատասխանատվություն կկրեն ՀՀ օրենսդրության ողջ խստությամբ: Մենք ևս հետևողական կլինենք և անհրաժեշտության դեպքում միանշանակ կարձագանքենք: Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ տեղի ունեցածը որևէ կապ չունի տուժողների ազգային պատկանելության հետ:
Բորիս Մուրազի՝ ֆեյսբուք