Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի հոկտեմբերի 22-ին կայանալիք Եվրոպայի լիգայի երրորդ տուրում ադրբեջանական «Գաբալայի» դեմ արտագնա խաղին:
«Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մեկնի Ադրբեջան, քանի որ անվտանգությունն ապահովելու հետ կապված դժվարություններ կան: Մենք պետք է հոգ տանենք մեր ֆուտբոլիստների մասին»,- Վացկեի խոսքերը մեջբերում է Bild-ը::
Հիշեցնենք, որ Ադրբեջանի օրենսդրությամբ Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կարող ստանալ մուտքի վիզա, քանի որ համարվում է այդ երկրի սահմանն ապօրինի հատած անձ և Բաքու այցելելու դեպքում, կարող է ձերբակալվել այդ երկրի քրեական օրենսդրության 318.2 հոդվածով։