«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ քաղաքական ուժերը մեկը մյուսի ետևից, ի վերջո, հայտարարեցին սահմանադրական փոփոխությունների շտաբների ձևավորման մասին: Նախ ՀԱԿ և Հայաստանի ժողովրդավարական կուսակցությունները հայտարարեցին «Ոչ»-ի համատեղ շտաբ ձևավորելու մասին, որի ղեկավարը լինելու է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, իսկ երեկոյան էլ ՀՀԿ գործադիր մարմնի նիստ հրավիրվեց, որից հետո հայտարարվեց սահմանադրական փոփոխությունների քարոզչության շտաբ ստեղծելու մասին, որը կղեկավարի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Ժողովուրդ»-ը նախորդ համարում արդեն գրել էր, որ Հովիկ Աբրահամյանն է ղեկավարելու ՀՀԿ-ի «Այո»-ի շտաբը, առանց հրաժարականի:
Այսպիսով, «Այո»-ի և «Ոչ»-ի մեկական շտաբներ ձևավորվեցին: Ենթադրվում է, որ առնվազն մեկական էլ կձևավորվեն: Մասնավորապես, ՀՅԴ-ն էլ իր «Այո»-ի շտաբն է ձևավորելու, ինչը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց նաև Աղվան Վարդանյանը: Բայց, ի տարբերություն ՀՀԿ-ի, ավանդական այս կուսակցությունը դժվար թե մեծ ռեսուրսներ ծախսի, ընդհակառակը, նրանք շահած դուրս կգան: «Ոչ»-ի երկրորդ շտաբը, ենթադրվում է, որ կձևավորեն «Նոր Հայաստան»-ի շուրջ հավաքվածները, որի հիմնական առանցքը կլինի «Ժառանգություն» կուսակցությունը: Այնպես որ, մնում է քարոզչությունը կամ հակաքարոզչությունը սկսվի, ինչը դեռ կողմերը չեն շտապում»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: