Ադրբեջանի իշխանությունները հետապնդումներով և շինծու մեղադրանքներով ազգականների կալանումներով ընդդիմադիրների և իշխող ռեժիմի քննադատների ծնողներին ու հարազատներին ստիպում են հրաժարվել նրանցից:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մասնավորապես, վերջին նման դեպքը տեղի է ունեցել արտասահմանում գործող ադրբեջանական Meydan TV ինտերնետ հեռուստաալիքի աշխատակից Գյունել Մեվլուդի հետ, որին իշխանությունները երկար ժամանակ հորդորում էին դադարեցնել հեռուստաալիքի հետ համագործակցությունը, և տեսնելով, որ չի հրաժարվում, կեղծ մեղադրանքներով կալանավորել և ազատազրկման են ենթարկել նրա երկու եղբայրներին:
«Եթե իմ դուստրը չի հրաժարվում Meydan TV-ից, ապա ես ինքս եմ նրանից հրաժարվում», -իշխանամետ haqqin. az կայքին հայտարարել է Գյունել Մեվլուդի մայրը` Շովքեթ Շաֆիևան:
Նրա խոսքով, իր ձերբակալված որդիները շարքային բանվորներ են և երբեք չեն միջամտել քաղաքականությանը:
«Նրանց ձերբակալել են այն բանի համար, որ Գյունելը համագործակցում է Meydan TV-ի հետ: Ես հայտարարում եմ, որ հրաժարվում եմ իմ դուստրից», -ասել է Շաֆիևան` նշելով, որ ամբողջությամբ պաշտպանում է երկրի ղեկավարության քաղաքականությունը:
Գյունելի եղբայրներին` Վեքիլ Իմանովին և Ռաջի Իմանովին դատապարտել են 3 և 4 տարվա ազատազրկման: Ընդդիմադիր լրագրողի եղբայրներին մեղադրում են թմրանյութեր պահելու մեջ:
«Թուրան» լրատվական գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 21-ի վաղ առավոտյան Meydan TV ինտերնետ-ռեսուրսի կայքի վրա հզոր հաքերային գրոհ է տեղի ունեցել, ինչի հետևանքով ինտերնետ-հեռուստաալիքի աշխատանքն արգելափակվել է:
Meydan TV ինտերնետ-ալիքը հանդիսանում է Ադրբեջանի ղեկավարության գլխավոր քննադատներից մեկը և տեղակայված է Բեռլինում: Ադրբեջանցի այլադավանների և նախկին քաղաքական բանտարկյալների կողմից ստեղծված Meydan TV հեռուստաալիքը արդեն երկար ժամանակ ճնշման է ենթարկվում Ադրբեջանի իշխանությունների կողմից: Հեռուստաալիքի հետ համագործակցող բոլոր լրագրողները գործնականում հարցաքննությունների են ենթարկվում Ադրբեջանի դատախազություններում, իսկ նրանց մերձավորների և հարազատների նկատմամբ ճնշում է գործադրվում: