«ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը երեկ լրագրողների հետ զրույցի ժամանակ խոստովանել է, որ ինքը տեղյակ չէ, թե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ինչ է կատարվում։ Սա այն դեպքում, երբ Հայաստանի ֆուտբոլը հենց այն ոլորտն է, որտեղ ակնհայտ խայտառակ իրավիճակ է տիրում։ Մի քանի տարի առաջ բոլորը մեծ հույսեր էին կապում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ, քանի որ դրա կազմում բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ ընդգրկվեցին: Սակայն Հայաստանի հավաքականը խայտառակ ձևով տապալվեց «Եվրո–2016»–ի ընտրակւսն փուլում, ութ խաղերից վեցում պարտվեց, իսկ երկուսում կարողացավ միայն ոչ ոքի խաղալ։

Եվ պետք է արձանագրել, որ Հայաստանի ֆուտբոլը, թերևս, այն եզակի ոլորտներից է, որտեղ միանշանակ ակնհայտ է՝ տարվող քաղաքականությունը սխալ է, և փոփոխության պետք է ենթարկել։ Սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը ոչ միայն իրավունք չունի ֆուտբոլում տիրող իրավիճակին ծանոթ չլինել, այլև, որպես ոլորտում պետական քաղաքականությունը իրականացնող գերատեսչություն, ուղղակի պարտավոր է ամենայն մանրամասնությամբ պարզել, թե ՀՖՖ-ում ինչ է կատարվում, և որոնք են ազգային հավաքականի ձախողման պատճառները՝ միջոցներ ձեռնարկելով իրավիճակը շտկելու համար։ Սակայն նախարարը քաղաքական անմեղսունակություն դրսևորելով՝ հայտարարել է, թե անտեղյակ է։

Իհարկե, հասկանալի է, որ նախարար Գաբրիել Ղազարյանին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պարզապես արգելել է ֆուտբոլով հետաքրքրվել, և ինքը, «շառից-փորձանքից հեռու», այդ սպորտաձևի մասին մոռացել է»,–գրում է թերթը։