Հայ հանրությանը լավ հայտնի «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը 2004-2006թթ. պատկանել է Քիբար Խալվաշիին: Վերջինս այժմ` տարիներ անց, ուզում է վերականգնել սեփականության իր իրավունքը` հավաստելով, որ այն ժամանակ իրեն ստիպել են վաճառել հեռուստաալիքը: «Ռուսթավի 2»-ի ներկա ղեկավարությունը նրա գործողությունները բացատրում է խորհրդարանի ընտրությունից առաջ կառավարության շահերով: «Ռուսթավի 2»-ի վաճառքից հետո Խալվաշին լքել է Վրաստանը և այժմ բնակվում է Գերմանիայում: Վրաստանի առաջատար հեռուստաընկերություններից մեկի` «Ռուսթավի 2»-ի գործի դատաքննությունը հանրային մեծ արձագանք է ստացել:
Երկրի նախագահն ավելի վաղ գործը քննող դատավորին կոչ է արել հապշտապ վճիռ չկայացնել: «Ռուսթավի 2»-ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան ժամանակին հայտարարել է, որ ըստ իր տեղեկության՝ արդեն իսկ ընդունվել է անօրինական որոշում, որն ինքը մտադիր չէ կատարել և բնակչությանը կոչ է արել պաշտպանել հեռուստաընկերությունը: Տնօրենի խոսքով, իշխանությունն ուղում է փակել «Ռուսթավի 2»-ը: Խալվաշին իր հերթին ասել է, որ հաղթանակի դեպքում կհեռացնի Գվարամիային, ով, նրա խոսքով, կենսագործում է նախկին կառավարող կուսակցության` «Միասնական ազգային շարժման» գաղափարախոսությունը: «Ռուսթավի 2»-ում իրենց աշխատանքը կպահպանեն բոլոր նրանք, ում առաջին պարտականությունն է հավատարմությունը խոսքի ազատությանը:
Այսօր Խալվաշիին ընդունել է Վրաստանի նախագահը: Երեկ նա հանդիպում է ունեցել երկրի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլիի հետ: Ըստ մամուլի տեղեկացման՝ երկու ղեկավարները դեմ առ դեմ քննարկել են երկրի իրավիճակը: Երկուստեք նշվել է երկխոսության անհրաժեշտությունը, չնայած Ուսուպաշվիլին այսօր ԶԼՄ ներկայացուցիչներին հայտնել է, որ նախագահի և իր հանդիպումն արտակարգ ու բացառիկ մի բան չէր, և որ ինքն այս ամենում ճգնաժամի երևույթ չի նկատում:
Արմեն Վարդանյան