Այսօրվա Կառավարության նիստում հաստատվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծերի փաթեթը: ՀՀ ԱՆ նորանշանակ նախարարուհին նշեց, որ ՀԿ-ների ազատ ու արդյունավետ գործունեության պայմանների ստեղծումը հասարակության կայուն զարգացման համար կարևոր նախադրյալ է:
Ըստ Արփինե Հովհաննիսյանի խոսքերի ներկայացված փաթեթը քննարկված է բոլոր շահագրգիռ կողմերի հետ և նրանց բոլոր առաջարկությունները հաշվի են առնված։
«Նախագծով մի շարք նորամուծություններ են առաջարկվում, մասնավորապես կարևորում եմ կամավորների ինստիտուտի ներմուծումը, ինչը ապահովում է յուրաքանչյուր հասարակության բարեկեցությունը, նաև նպաստում է մարդկային կենսակերպի բարելավմանը։ Կարևորում եմ ՀԿ-ների ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հնարավորության ընդլայնումը, ինչը կարող է հիմնարար նշանակություն ունենալ նրանց ինքնուրույնության և ֆինանսական կայունության համար»,- ասաց նա։
Հովիկ Աբրահամյանը նաև կարևորեց նախագծով առաջարկվող ՀԿ-ների հաշվետվողականության բարձրացումը։