ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր
ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարար
Սեյեդ Մոհամադ Հոսեյնիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան` Ա. Գեւորգյանը նշեց, որ հայկական կողմը մեծ
նշանակություն է տալիս բարեկամ Իրանի հետ տարբեր ուղղություններով փոխգործակցության
զարգացմանը: Երկու երկրների միջեւ ձեւավորվել են բարձր մակարդակի միջպետական
հարաբերություններ, ընդլայնվում եւ զարգանում է առեւտրատնտեսական համագործակցությունը,
խոշոր ծրագրեր են իրականացվում տնտեսական ոլորտում: «Բայց կարծում եմ, երկրների
հարաբերություններում բարեկամությունը բնորոշող ամենակարեւոր բաղադրիչը հումանիտար
համագործակցությունն է. մշակութային փոխգործակցությունը բոլորովին այլ որակ է հաղորդում
հարաբերություններին»,-նշեց Ա. Գեւորգյանը:

Նա ողջունեց այցի շրջանակում ՀՀ մշակույթի նախարարության եւ ԻԻՀ մշակույթի եւ իսլամական
առաջնորդման նախարարության միջեւ 2013-2016 թթ. մշակույթի եւ արվեստի բնագավառներում
համագործակցության մասին գործնական ծրագրի ստորագրումը` նկատելով, որ ոլորտում
համագործակացությանն առավել համակարգված բնույթ է հաղորդվում: Ա. Գեւորգյանը
վստահություն հայտնեց, որ ծրագրով նախատեսված միջոցառումները նոր լիցք կհաղորդեն
մշակույթի եւ արվեստի տարբեր բնագավառներում փոխգործակցությանը` այդ համատեքստում
դրական համարելով նաեւ ոլորտի պատասխանատուների փոխայցելությունները:

ԻԻՀ մշակույթի եւ իսլամական առաջնորդման նախարարի խոսքով` առկա է փոխգործակցության մեծ
ներուժ, երկու բարեկամ եւ հարեւան երկրները, որոնք ունեն հարուստ մշակութային
ժառանգություն եւ համագործակցության մեծ փորձ, կարող են շատ ավելի լայն գործակցություն
հաստատել: 

Ստորագրված փաստաթուղթը, ըստ նրա, համապատասխան դաշտ է ստեղծում մշակութային ծրագրերի
իրագործման համար, եւ տարբեր միջոցառումների անցկացումը կնպաստի երկու բարեկամ
ժողովուրդների միջեւ փոխըմբռնման մեծացմանը, շփումների ակտիվացմանը: