ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Հովհաննես Հովհաննիսյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Հ.Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը:

Տուժողի` Վահանի հետ Հովհաննեսը ծանոթացել է 2008թ., իսկ 10 օր անց` նաև նրա կնոջ հետ: Վերջինիս հետ ծանոթությունը վերաճել է ինտիմ կապի:

Թերթը գրում է, որ Հովհաննեսը 2009թ. արդեն դատապարտվել է 3 տարվա ազատազրկման` Վահանին ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու համար, և ազատ է արձակվել 2011թ.: Եվ դեռևս դատավածությունը չմարված` կալանավայրից դուրս գալուց ընդամենը մեկ տարի անց, Հովհաննիսյանը կրկին կանգնել է դատարանի առջև:

Եվ ահա 2012թ. օգոստոսին, երբ արդեն ազատության մեջ էր, Հովհաննեսը գնացել է Նոր Խարբերդ` Վահանի հարևանին այցելության: Արդյունքում` Վահանն ու Հովհաննեսը կրկին հանդիպում են: Հովհաննեսի պատմածով` ինքը ցանկացել է բացատրել իր այցելության նպատակը: Սակայն վիճաբանություն է սկսվել, Հովհաննեսը ավտոմեքենայի բեռնախցիկից վերցրել է լինգը, հարձակվողական կեցվածք ընդունել, հայհոյել և սպանության սպառնալիքներ տվել ամուսիններին:

Նախաքննական մարմինը Հ.Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով: Գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ, ամբաստանյալի խոստովանությամբ ու զղջումով վերջինիս առաջադրված մեղադրանքը հաստատվել է:

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Հ.Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել և դատապարտել ազատազրկման` 1 տարի ժամկետով:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրողը` համարելով, որ նշանակված պատիժը մեղմ է` պահանջելով խստացնել այն:Գրում է Ժամանակը: