Ադրբեջանում նոյեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթել է իշխող «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը։
«Թրենդ» գործակալությունից տեղեկանում ենք, որ այս մասին վկայում են Ադրբեջանի ԿԸՀ-ի հրապարակած նախնական տեղեկությունները։ 125 շրջաններից 71-ում հաղթել է իշխող կուսակցության թեկնածուն։
Անհրաժեշտ է նշել, որ պատգամավոր է ընտրվել նաև Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան: Նա երկրի Միլլի Մեջլիսում պատգամավոր է եղել նաև 2005 և 2010 թվականներին:
42 շրջաններում հաջողվել է հաղթել անկախ թեկնածուներին: «Քաղաքացիական համերաշխություն» կուսակցությունից ընտրվել է 2 թեկնածու, իսկ 10 այլ կուսակցություններից՝ մեկական: Ընտրողների ակտիվությունը կազմել է 55.7 տոկոս: Քվեարկությանը մասնակցել է ավելի քան 2.89 մլն ընտրող: Նշենք, որ խորհրդարանի 125 տեղերի համար պայքարել են 767 թեկնածուներ: Ընտրություններին մասնակցել են 15 կուսակցությունների ներկայացուցիչներ, ևս 7 քաղաքական ուժեր միավորվել են «Ազադլըգ-2015» («Ազատություն-2015») բլոկում:
Ադրբեջանում ընտրելու իրավունք ունի մոտ 5.2 մլն մարդ: Քվեարկության օրը բաց է եղել ավելի քան 5.500 ընտրատեղամաս։