Ամեն հայ մայր, ամեն ծնող և իր հայրենիքն ու ժողովուրդը սիրող ամեն հայ մարդ միշտ կարիք ունի տեղեկանալու, թե ինչ է կատարվում այս կիսապատերազմյան անչափ վտանգավոր ժամակահատվածում մեր երկրի սահմաններում: Նրանց բոլորի ուշադրությունը մշտապես սևեռված է այդ սահմաններին, որտեղ անվերջանալի թվացող լարվածությունը հանգիստ չի տալիս որևէ սրտացավ հայի:
Այս ցավալի թեմային անդրադարձ կատարեցի, որովհետև վերջերս լրատվամիջոցներում հայտնվել են կինոռեժիսոր Արշակ Զաքարյանին ուղղված մեղադրական կամ քննադատական հոդվածներ:
Բոլոր նրանց, ովքեր մասամբ կամ ընդհանրապես չեն ճանաչում Արշակ Զաքարյանին և նրա կատարած աշխատանքները, հիշեցնեմ, որ հենց նա է այն հայորդին, ով գրեթե ամեն օր, վտանգելով սեփական կյանքը, մեկնում է մեր երկրի վտանգավոր սահմանները, հաղթահարում է բազմաթիվ դժվարություններ ու խոչընդոտներ, նկարահանում է ֆիլմեր ու տեսանյութեր սահմանին կանգնած հայ զինվորների մասին ու ցուցադրում հայ մայրերին, հայ ծնողներին ու բոլոր սրտացավ հայերին, դրանով իսկ տալով իրական տեղեկություն և, միանշանակ, ոգեշնչելով իր հայրենակիցներին:
Արշակ Զաքարյանին ճանաչելու համար թերևս ամենալավ տարբերակը նրա ֆիլմերը դիտելն է. առաջին հերթին «Կինը» ֆիլմը, որի հերոսուհին իրական հայ կնոջ, քրոջ և մոր հավաքական կերպարն է, ով արիաբար հպարտանում է արցախյան հերոսամարտում զոհված ամուսնու և եղբոր համար, նույն հպարտությամբ էլ բանակ է ճանապարհում իր միակ զավակին: «ԿԻՆԸ», ով իր չկատարված երազանքների ու կորցրած երիտասարդության համար և՛ մեղադրում է ամուսնուն, և՛ հպարտանում նրա կերպարով ու հերոսությամբ։ Արշակի ստեղծած «Կինը» յուրաքանչյուր զոհված ազատամարտիկի այրու կերպարն է՝ իր ողջ հոգեբանությամբ։ Պատերազմից հեռու մարդը երբեք այսքան ճիշտ չէր զգա ֆիլմում կերտված ամեն պահը։
Կինոժեռիսոր Արշակ Զաքարյանը պարզապես լուռ կատարում է իր աշխատանքը, այն մահավտանգ աշխատանքը, որը ոգևորում է մեր պատանիներին ու հանգստություն պարգևում նրանց մայրերին, որոնց ժպիտներն ու ուրախության արցունքներն են ամենալավ շնորհակալությունը Արշակի համար:
Իսկ նրա «Կինը» ֆիլմը ևս մեկ անգամ դիտելուց հետո, մեջս անհագ ցանկություն առաջացավ նրան շնորհակալություն ասելու այդ չքնաղ ու ուժեղ կերպարի համար, ում վերարտադրել է իր ֆիլմում.. «Կինը»...