ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում Վարդուշ Սիմոնյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում բացահայտվել է նաև սպանության մեկ այլ դրվագ ևս:
Սպանության կասկածանքով ձերբակալված 16-ամյա երիտասարդը՝ Ն.Խ.-ն, նշված գործի շրջանակներում խոստովանական ցուցմունք է տվել, որ 2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19-ի սահմաններում, Գոհար Բարսեղյանին ևս ինքն է սպանել:
2015 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի Վերնաշեն գյուղի առանձնատներից մեկի հարևանությամբ գտնվող հողամասում հայտնաբերվել է նույն գյուղի բնակչուհի, 1939 թվականին ծնված Գոհար Բարսեղյանի դին:
Դատաբժշկի կողմից ներկայացված մահվան վկայականի համաձայն՝ կնոջ մահվան պատճառը գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարումն է, ինչը հետևանք է նշված գանգուղեղային վնասվածքի։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն:
Մշակվել է քննչական գործողությունների պլան, առաջ քաշվել հնարավոր վարկածներ:
Քանի որ նախաքննության մարմնի ուշադրությունից չէր վրիպել այն հանգամանքը, որ երկու դիակներից անհետացել են տուժողների ոսկյա ականջօղերը, առաջ քաշված վարկածներից ելնելով՝ հարցման և հարցաքննության են ենթարկվել մարզում ոսկյա զարդերի առուվաճառքով զբաղվող անձինք:
16-ամյա երիտասարդը ճանաչման է ներկայացվել Գ.Բարսեղյանի և Վ.Սիմոնյանի ոսկե ականջօղերը գնած ոսկերիչներին, ովքեր ճանաչել և հաստատել են, որ զարդերը վաճառելու նպատակով իրենց առաջարկել է հենց ճանաչման ներկայացված անձը:
Անհետաձգելի քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների պայմաններում անչափահաս Ն.Խ.-ի կողմից տրվել է խոստովանական ցուցմունք այն մասին, որ Գ.Բարսեղյանին ևս ինքն է սպանել:
Մասնավորապես՝ Ն.Խ.-ն 2015թ. հոկտեմբերի 24-ին՝ օրվա երկրորդ կեսին, հողագործական աշխատանքներ գտնելու նպատակով գնացել է Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղ, մոտեցել իր հողամասում աշխատող Գոհար Բարսեղյանին և առաջարկել իր ծառայությունը: Ստանալով վերջինիս համաձայնությունը՝ սկսել է խնձոր քաղել, որի ընթացքում էլ տարեց կնոջ ականջներին նկատել է ոսկյա ականջօղերը:
Այնուհետև նշված ոսկե ականջօղերը հափշտակելու նպատակով ծառի մոտ դրված բահով հարվածել է Գ.Բարսեղյանի գլխին, որից հետո նրա ականջներից հանել է ականջօղերը և դիմել փախուստի: Պարզվել է նաև, որ կնոջ մատներին եղել են նաև ոսկյա մատանիներ, որոնք, սակայն, Ն.Խ.-ն չի հափշտակել:
Անչափահաս Ն.Խ.-ի մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն, որի ժամանակ նա մատնացույց է արել Գ.Բարսեղյանի հողամասը և նկարագրել դեպքի բոլոր հանգամանքները:
2015թ. նոյեմբերի 2-ին Գ.Բարսեղյանի և Վ.Սիմոնյանի սպանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը միացվել են մեկ վարույթ և 16-ամյա Ն.Խ.-ին մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի և 8-րդ կետորով (Շահադիտական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանություն):
Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Վայոց ձորի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Ն.Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։