Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների, հատկապես ԱԶԿ-ի գրանցած արդյունքը, իհարկե, զարմացրեց, կարծում եմ, ոչ միայն ինձ, այլ նաև շատ մասնագետների:
Իհարկե, ընտրություններից առաջ չէր բացառվում, որ նվազագույն հնարավորություն կա, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կարող է ստանալ այնքան ձայն, որ կառավարություն ձևավորի: Իմ վերջին ասուլիսի ընթացքում էլ շեշտել էի, որ ԱԶԿ-ի ձայները սկսել են աճել, ինչը ցույց էին տալիս տարբեր ուսումնասիրողների տվյալներն և մի շարք հետազոտական կենտրոնների հարցումները, սակայն այն, որ ոչ միայն հնարավոր կլիներ կազմել միակուսակցական կառավարություն, այլ ստանալ 49 տոկոսից ավել ձայն, առավել քան հետաքրքիր էր: Անգամ ամենահամարձակ հարցումների ընթացքում 49 տոկոսին մոտ թիվ Թուրքիայում չէր գրանցվել:
Իսկ ահա սպասելին այն էր, որ «Ազգայնական շարժումը» ձայների կորուստ է ունենալու, ինչն էլ արձանագրվեց ընտրությունների արդյունքներով:
Քրդական «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության անցումը խորհրդարան ընդհանրական առումով կարելի է հաջողություն որակել, թեև հունիսի 7-ի ընտրությունների համեմատ ձայների զգալի կորուստ է ունեցել (գրեթե 1 միլիոն), ինչը նաև թուրքական իշխանությունների ճնշումների և հետևողական հակաքայլերի հետևանք է: Կրկնեմ, հաջողություն էր անցումը խորհրդարան, բայց նախորդ ընտրությունների համեմատ ձայների նման նվազումը լուրջ խնդիր է:
«Հանրապետական-ժողովրդական» կուսակցությունն էլ իր ավանդական գործով էր զբաղված՝ հավաքել 25 տոկոս ձայներ, ինչն էլ սպասելիորեն արեց այս ընտրություններին:
Այսպիսով, Էրդողանին ու ընկերներին հաջողվեց ձայներ կորզել ինչպես քրդերից, այնպես էլ ազգայնականներից և կրկին շարունակել իշխանությունն իրենց ձեռքում պահել: Իհարկե, սա ազատեց Թուրքիային նոր կառավարություն ձևավորելու ճգնաժամից, սակայն Քրդական հարցի տեսանկյունից դեռ բաց հարցեր կան, ինչը կարելի է ստանալ ԱԶԿ-ի՝ առաջիկայում այս հարցում վարելիք քաղաքականությունից և մարտավարությունից: Դեռ վաղ է սա որակել ԱԶԿ-ի բացարձակ հաղթանակ, թեև անակնկալ էրդողանականները, այնուամենայնիվ, կարողացան մատուցել:
Գևորգ Պետրոսյան