Վերնիսաժի հարակից երթևեկելի գոտում մեքենաները սխալ կայանելով փակում են ճանապարհը և խոչնդոտում երթևեկությանը: Այս երևույթի նկատմամբ անտարբեր է Երևանի քաղաքապետարանը, Վերնիսաժի տնօրինությունը: Մեր լրագրողը սխալ կայանված մեքենաները ֆիքսել էր սույն թվական սեպտեմբերի 1-ն:
Իրավիճակի մասին պարզաբանում ստանալու նպատակով YN.am-ը (YerevanNews.am-Երևան Նյուզ) գրավոր հարցում ուղարկեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, որին ի պատասխան ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչությունից ստացվեց հետևյալ պատասխանը.
«...հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության ստորաբաժանումները Երևան քաղաքի Փ. Բուզանդի փողոցում իրականացնում են ուժեղացված ծառայություն, իսկ կանգառի և (կամ) կայանման կանոնների խախտմամբ կայանված տրանսպորտային միջոցների հայտնաբերման դեպքում կիրառվում են վարչական տույժեր»։
Սակայն օրերս՝ արդեն հոկտեմբեր ամսին մեր լրագրողի տեսախցիկը կրկին ֆիքսեց նույն իրավիճակը:
Պարզ է դառնում, որ ՀՀ ոստիկանության գործառույթը վարորդների տույժերի հաշվին բյուջեի հարստացումն է, այլ ոչ թե խնդրի լուծումը: Վարորդները շարունակում են փակել ճանապարհը՝ դրա դիմաց վճարելով տույժեր և տուգանքներ, սակայն դրանից ճանապարհը չի դառնում երթևեկելի: Խնդիրը մնում է չլուծված...