YN.am-ի (Երևան Նյուզ) հետ զրուցում ազգագրական երգի պարի մեծագույն նվիրյալ և ջատագով Սարգիս Բաղդասարյանը վայրկյան անգամ չառանձնացրեց իրեն «Ակունք» ազգագրական երգի պարի խմբից, չխոսեց իր անհատական անցած ճանապարհի և ձեռքբերումների մասին: Սարգիս Բաղդասարյանը ողջ ընթացքում համեստաբար ներկայացրեց իրեն որպես «Ակունք»-ի անբաժան մասնիկ: Մեծագույն գովասանքներով և անասելի երախտագիտությամբ պատմեց «Ակունքի»-ի հիմնադիր և նախկին ղեկավար Մարո Մուրադյանի մասին:
- Ազգագրագետ Մարո Մուրադյանն այն երախտավորն էր, ում համար անչափ կարևոր էին մեր ազգագրական երգերի ամեն մի բառը, պարերի ամեն մի շարժումը: Մարոն և´ ֆիզիկապես, և´ հոգեպես միաձուլված էր երգուպարի հետ: Հիմնադրելով «Ակունք » ազգագրական երգի պարի համույթը՝ Մարոն իր մեծ ավանդն ունեցավ հայ ազգային երգի և պարի պահպանման սուրբ գործում:
Սարգիս Բաղդասարյանը չմոռացավ «Ակունք» համույթի հետ անմիջական կապ ունեցողներից և ոչ մեկին: Անհատապես մատնանշեց համույթի անդամներից յուրաքանչյուրին և բոլորին միասին համարեց մի մեծ ու համերաշխ ընտանիք, որը տասնամյակներ շարունակ հպարտությամբ ներկայացրել է հայ ազգագրական երգնուպարը աշխարհի ամենատարբեր անկյուններում:
- «Ակունք» -ի ծնունդը նշանավորվեց նրանով, որ հավերժ կորստից փրկվեցին ազգագրական երգի և պարի բազմաթիվ նմուշներ:
Սարգիս Բաղդասարյանը աննկարագրելի երանությամբ հիշեց նաև 1977թ.-ին նկարահանված «Գորանի» վավերագրական ֆիլմի ստեղծումը, կրկին գովեստի խոսքեր հնչեցրեց ստեղծագործական խմբի, ֆիլմում նկարահանված երգիչների և պարողների հասցեին:
- Այդ տարիներին մենք հանդես գալով «Ակունք»-ում, կամ նկարահանելով «Գորանի» ֆիլմը ոչ թե հասկանում, այլ ուղղակի ենթագիտակցորեն էինք զգում, թե ինչպիսի մեծ ու արժանի գործ էինք անում:
2007թ.-ին «Ակունք» համույթի կատարած բազմամյա ազգանվեր աշխատանքը գնահատվում է ՀՀ մշակույթի նախարարության կողմից և պարգևատրվում մրցանակով որպես «Լավագույն ազգագրական երգի պարի համույթ»: Իսկ երկու տարի առաջ՝ 2012թ.-ին գնահատվեց նաև Սարգիս Բաղդասարյանի անհատապես կատարած աշխատանքը և շնորհվեց Մշակույթի վաստակավոր գործչի կոչումը:
- Մենք միայն մեր փառահեղ մշակույթով պետք է զարմացնենք աշխարհի մնացած ժողովուրդներին:
Այսպիսին է հայ մշակույթի մեծագույն նվիրյալ Սարգիս Բաղդասարյանի համոզմունքը և այսպիսին է հենց ինքը՝ Սարգիս Բաղդասարյանը, որը զրույցի ողջ ընթացքում գոնե մեկ անգամ չօգտագործեց Ես բառը: Մե´նք․ ահա այն միասնականություն խորհրդանշող բառը, որով Սարգիս Բաղդասարյանը պատմում էր իր և «Ակունք» համույթի անցած ճանապարհի մասին։
Նշենք նաև, որ «Գութան» ազգագրական երգի և պարի փառատոնի շրջանակներում
Մշակույթի նախարարության կողմից՝ հայ երգարվեստում իր ներդրումի համար, ոսկե մեդալով պարգևատրվեց համույթի հիմնադիր անդամներից՝ Սարգիս Բաղդասարյանը:
Զրուցեց Անուշ Զոհրաբյանը