«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղի 76-ամյա բնակիչ Լուսիկ Աբովյանը նոյեմբերի ութից անհետացել է, նրան գրեթե երկու օր որոնում էին համագյուղացիները և ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները:

Նոյեմբերի իննին, սակայն, ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը՝ հայտնել են, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչ, 1942թ. ծնված Լուսինե Ղուկասի Աբովյանը նոյեմբերի ութին հատել է հայ-ադրբեջանական սահմանը և հայտնվել Ղազախի շրջանում: Իրականում, ըստ անձնագրային տվյալների, Լուսինե Աբովյանը ծնվել է 1939 թվականի հուլիսի 8-ին: Կոթիից հայտնում են, որ Լուսիկ Աբովյանը նոյեմբերի 8-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, գյուղում ապրող բարեկամի տուն էր գնացել՝ պանիր բերելու, ինչից հետո նա 10-15 րոպեից պետք է իր տուն հասներ, սակայն այդպես էլ տուն չէր վերադարձել: Նրա բարեկամի տունը հայ-ադրբեջանական սահմանից հեռու է մոտ 2 կմ:

Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը հայտնեց, որ Լուսիկ Աբովյանը երկու տղա և երկու աղջիկ ունի, տղաներից մեկը Կոթիում առանձին է ապրում, վերջինիս ընտանիքը զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ: Լուսիկ Աբովյանը Կոթիում բնակվում էր իր 77-ամյա ամուսնու հետ: Ֆելիքս Մելիքյանն ասաց, որ Լուսիկ Աբովյանի՝ Ադրբեջանում գտնվելու մասին իրեն հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչության աշխատակիցը: Գյուղապետը հայտնեց, որ Լուսիկ Աբովյանը մտավոր և հոգեկան խնդիրներ չունի:

Մեր տեղեկություններով՝ Լ. Աբովյանը մոտ երկու տարի առաջ արյան բարձր ճնշման պատճառով սայթաքել-ընկել է, որից հետո բուժվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում: Ինչո՞ւ պետք է բարեկամի տնից պանիր վերցրած Լուսիկ Աբովյանը հայտնվեր այդ տեղից մոտ երկու կիլոմետր հեռավորությամբ գտնվող հայ-ադրբեջանական սահմանում, նա ինչպե՞ս է հատել սահմանը, որ հայ սահմանապահները չեն նկատել: Նա՞ է հատել սահմանը, թե՞ ադրբեջանական զինուժը դիվերսիա է իրականացրել: Այս հարցերի պատասխանները կիմանանք, երբ Լուսիկ Աբովյանը վերադառնա Հայաստան: Կոթին շատ երկար՝ 38 կիլոմետր սահման ունի Ադբեջանի հետ, և ադրբեջանական դիվերսիան չի կարելի բացառել:

Նշենք, որ 2015թ. հունվարի 11-ին ադրբեջանական զինուժը դիվերսիա կատարելով՝ Կոթիի հարակից՝ Ոսկեվան գյուղի սահմանագոտում սպանեց Ոսկեվանի 79-ամյա բնակիչ Սերյոժա (Հրանտ) Սարգսյանին, ով գյուղի ծայրին ոչխար էր արածեցնում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: