ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արարատի մարզի Բաղրամյան և Այգեզարդ գյուղերի միջնակարգ դպրոցների սաների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Կատարված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննության արդյունքում պարզվել է երեխաների թունավորման աղբյուրը։
Քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղում գործող անհատ ձեռներեցներից մեկը, իրականացնելով հացաբուլկեղենի արտադրություն, մատակարարման պայմանագրերի հիման վրա, Արարատի մարզի Բաղրամյան, Այգեզարդ և մի շարք այլ գյուղերի դպրոցներին սեպտեմբերի 10-ին մատակարարել է հացաբուլկեղեն, որի արտադրության ընթացքում չեն պահպանվել սանիտարահիգիենիկ պայմանները։
Նախնական քննության տվյալներով՝ արտադրությունը կազմակերպել է Արարատի մարզի 62-ամյա բնակիչը՝ Գ.Նազարյանը՝ անհատ ձեռներեցի կողմից 01.09.2015թ-ին տրված լիազորագրի հիման վրա։
Լինելով սննդամթերքի անվտանգության համար հիմնական պատասխանատվություն կրող անձ՝ թվով 13 միջնակարգ դպրոցների դեռահաս երեխաների համար պատրաստվող խաչապուրու, գաթայի, կեքսի, բուլկու, կարտոֆիլով կարկանդակի և նրբերշիկով հոթ-դոգի արտադրության բոլոր փուլերում սեպտեմբերի 9-ից 10-ը չի իրականացրել վտանգի աղբյուրների վերլուծության և հիգիենիկ պատշաճ գործելակերպի կանոնների համատեղ կիրառումն ամրապնդող վերահսկողություն:
Արդյունքում՝ արտադրամասում սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները և պարագաներն աղտոտման վտանգը բացառող հաճախականությամբ և ոչ պատշաճ մաքրման ու ախտահանման ենթարկելու պայմաններում, թույլատրել է արտադրել սպառողների առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող՝ երկրորդային աղտոտվածությամբ՝ ԱՑԽՄ (Աղիքային ցուպիկ) և Բացիլուս Ցերեուս (Bacillus cereus) տեսակի մանրէներով ախտահարված հրուշակեղեն, որը 2015 թվականի սեպտեմբերի 10-ին առաքվել է Արարատի մարզի Բաղրամյան և Այգեզարդ գյուղերի միջնակարգ դպրոցներ, որտեղ էլ վաճառվել է 1998-2008թթ. ծնված դպրոցական երեխաներին:
Արդյունքում՝ նշված արտադրամասի կողմից արտադրված և մանրէների քանակը գերազանցող հրուշակեղենն ուտելուց հետո շուրջ 5 տասնյակ աշակերտի մոտ ախտորոշվել է սննդային թունավորում և սրտխառնուկ, որովայնի շրջանի ցավեր, փորլուծություն, գլխացավ, դող ու ջերմության բարձրացում, և այդ կլինիկական հիմնական ախտանշաններով բուժօգնության համար նրանք տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ` Գ.Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սպառողների առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկել և իրացնելը, որը զուգորդվել է մանկահասակների համար նախատեսված ապրանքների թողարկմամբ և անզգուշությամբ երկու և ավելի անձանց առողջությանը վնաս պատճառելով)։
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: