Քաղաքական գործընթացներին հետևողները հաճախ են հանդիպում «լյուստրացիա» հասկացությանը: Լյուստրացիան (լատ. lustratio–զոհաբերության միջոցով մաքրվել), որպես կանոն, քաղաքական ցենզուրայի ձև է, որով սահմանափակվում է որոշակի անձանց մասնագիտական գործունեություն ծավալելու սահմանները: Ըստ միջազգային փորձի՝ «լյուստրացիան» նկարագրվում է որպես օրենսդրական ակտերի ընդունման համալիր, որով «մաքրվում է» պետական ապարատը և այլ հասարակական կարևոր ինստիտուտներ (ԶԼՄ-ներ, փաստաբանություն, որոշ դեպքերում նաև եկեղեցի) այն անձանցից, ովքեր գաղտնի համագործակցել են հատուկ ծառայությունների հետ և թաքցրել են այդ փաստը «Լյուստրացիոն» մարմնից:
Ըստ պատմական զարգացման՝ «Լյուստրացիան», որպես կանոն, օգտագործվել է տիրապետող դասակարգի կողմից իր քաղաքական հակառակորդներին ճնշելու համար: Որպես տիպիկ օրինակ կարելի է բերել սովետական «մաքրումները» 1920-1930 թվականներին և «նախկինների» իրավունքների սահմանափակումները, Գերմանիայի (1945թ.), Ճապոնիայի (1945թ.) «Լյուստրացիոն» գործողությունները և այլն: Մեր օրերում ևս կիրառվել է այդ գործիքը, մասնավորապես` պոստսոցիալիստական ճամբարում (Չեխիա, Սլովակիա, Լեհաստան, Գերմանիա, Բուլղարիա, Ալբանիա, Լիտվիա, Վրաստան և այլն):
Նախկին սոցճամբարի, Մերձբալթյան երկրների հանրությունները, օրինակ, կոմունիստական բռնապետության տապալումից հետո ինքնամաքրման կարիք են ունեցել: Նրանք ելել են այն իրողությունից, որ կոմունիստական ռեժիմը բնույթով եղել է հանցավոր: Սա չի նշանակել թե չեխերը, լեհերը կամ տարածաշրջանում գտնվող ժողովուրդները մտածել են, կամ մտածում են, որ կոմունիստական իշխանությունը ոչ մի դրական քայլ չի արել, շենք չի կառուցել, գործարան չի շահագործել: Ռեժիմի հանցավորության մասին գնահատականը հիմնված է եղել այն պարզ եւ անժխտելի փաստի վրա, որ կոմունիստական իշխանությունը բանտերում, գուլագներում, ուղղակի պատերի տակ` սպանել-գնդակահարել է միլիոնավոր անմեղ մարդկանց, միլիոնների էլ հետապնդել է, երկար տարիներով ազատազրկել: Հենց ռեպրեսիվ այս գործելակերպի վրա է հիմնված եղել կոմունիստական հասարակարգը, ռեժիմը, իշխանությունը:
Ուղղակի հարկ է նշել, որ ի տարբերություն ԽՍՀՄ այլ գերատեսչությունների, ՊԱԿ-ը, որպես այդպիսին, «չի լուծարվել», և նախկին խորհրդային հանրապետությունների անվտանգության ծառայությունները մեծամասամբ հանդիսանում են այդ կառույցի ենթաճյուղերը, բացառություն են կազմում Մերձբալթյան երկրները և Վրաստանը:
Արմեն Հովասափյան-Facebook