ՀՀ վարչական դատարանի դատավոր Աղասի Դարբինյանի ունեցվածքը զարմանք է պատճառում: 34-ամյա դատավորը արդեն հասցրել է մեծ կարողության տեր դառնալ: 2004-2006 թթ. նա աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանում՝ որպես դատավորի օգնական։ 2006 թվականին աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետ, իսկ 2006-2009 թթ.՝ ՀՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության պետ։
ՀՀ Նախագահի 2009 թ.-ի փետրվարի 27-ի հրամանագրով Աղասի Դարբինյանը նշանակվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ 2010 թ.-ի դեկտեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։
YN.am-ը (YerevanNews.am-Երևան Նյուզ) ուսումնասիրեց դատավորի Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հաձնաժողով ներկայացված 2015թ.-ի հայտը:
Հարգարժան դատավորը չունի անշարժ գույք, սակայն հայտարարագրել է 2 շարժական գույք: Նա հարկային տարում ձեռք է բերել «GAZ 24» ավտոմեքենա ընդհամենը 200 հազ. դրամով և 16 մլն դրամով օտարել է «MERCEDES-BENZ 500 S» մակնիշի ավտոմեքենա:
Ամենաուշագրավ կետը Աղասի Դարբինյանի դրամական եկամուտներն են, որոնք հարկային տարվա սկզբում կազմել են 45 մլն դրամ, իսկ հարկային տարվա վերջում՝ 70մլն դրամ: Իսկ ինչպե՞ս է վարչական դատարանի դատավորին հաջողվել կուտակել նման կարողություն...
Հարկային տարում դատավորը հայտարարագրել է եկամտի հետևյալ աղբյուրները.
Աղասի Դարբինյանը ռոյալթի և հեղինակային վարձատրության դիմաց ունեցել է 100.000 դրամ վարձատրություն: 11.5 մլն դրամ եկամուտ դատավորն ունեցել է ստացված փոխառություններից, իսկ 5 մլն 440 հազար դարմ ստացել է որպես աշխատանքի վարձատրություն: Հարկային տարվա արդյունքում Աղասի Դարբինյանը ընդհանուր առմամբ ունեցել է 33.040.000 դրամ եկամուտ:
Հետաքրքիր է իմանալ դատավորի իրական եկամուտները, որոնց արդյունքում էլ նա ձևավորել է այսպիսի հսկայական կարողություն: Կա մեկ կարևոր հանգամանք ևս. Աղասի Դարբինյանը Վանաձորի հանրահայտ քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդին է:
Իսկ Սամվել Դարբինյանը բնութագրվում է որպես անգրագետ, կրթություն չունեցող, տակտի ու էթիկայի զգացում չունեցող անձի, ով պարզապես գռփում ու թալանում է քաղաքի բոլոր հնարավոր ֆինանսական, նյութական և այլ ռեսուրսները: Նրա որդու ձևավորած հսկայական կարողության աղբյուրը որոշակիորեն պարզ է դառնում:
Ի դեպ, դատավորի հայրը զգալիորեն զիջում է որդուն և՛ դրամական միջոցներով, և՛ շարժական գույքով, և՛ եկամուտներով ու աշխատավարձով: Սակայն նրանք ունեն մի նմանություն. երկուսն էլ չունեն անշարժ գույք: Իսկ թե որտեղ են բնակվում անտուն պաշտոնավորներն անհայտ է...