Օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած այցը լայն քննարկումների առիթ դարձավ հայ հասարակության շրջանում: Շոշափվում էին այցելության նպատակի տարբեր սցենարներ: Այս մասին YN.am-ը (YerevanNews.am-Երևան Նյուզ) զրուցեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ, ով ասաց.
- Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև Ռուսաստանի միջազգային վիճակը բավական բարդացել է և ինքնստինքյան Մոսկվան կորդինացնում է իր գործողությունները իր ռազմավարական գործընկերների հետ: Սերգեյ Լավրովի այցը շատ անհրաժեշտ էր թե՛ մեզ համար, որովհետև մենք ունենք ԼՂ կոնֆլիկտ, որը լուծված չէ և վերջին 1-1.5 տարվա ընթացքում իրավիճակը տարածաշրջանում ավելի թեժացել է, և թե՛ Ռուսաստանի համար, ով հիմա ներքաշված է սիրիական ճգնաժամի մեջ, ակտիվ մասնակիցներից է և ինքնստինքյան Մոսկվայի և Երևանի համար շատ կարևոր են այս հանդիպումները:
Ես հենց սրանով եմ պայմանավորում Սերգեյ Լավրովի այցը: Այդ այցի արգասիքներից մեկը նաև եղավ այն, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը սկանդալային հայտարարություն արեց, ըստ որի՝ ԼՂ մայրաքաղաքի մոտ գտնվող օդանավակայանը իշխանությունները պատրաստ են տրամադրել ռուսական օդուժին Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարելու համար: Սա համարում եմ Սերգեյ Լավրովի այցի արդյունքներից մեկը...
Հիմա շատ ակտիվ քննարկվում է այն, որ Սերգեյ Լավրովը եկել էր Հայաստան համոզելու պաշտոնական Երևանին, որ մի քանի տարածքներ զիջի Ադրբեջանին, իբրև թե, որպեսզի վերջինս դառնա Եվրասիական միության անդամ... ես այս առումով մի քիչ թերահավատ եմ, որովհետև Ադրբեջանը այն երկիրը չէ, որ ինքը սեփական կարծիքը հայտարարի: Ճիշտ է Իլհամ Ալիևը շատ դեպքերում հայտարարում է, որ Ադրբեջանը ինքնիշխան է, Ադրբեջանը կարող է անել այն ինչ ցանկանում է, բայց իրականում դա այդպես չէ... խնդիրը հետևյալն է, որ այն նավթային և գազային խոշոր կորպորացիաները, որոնք կանգնած են Բաքվի նավթի ետևում և որոնք ահռելի մեծ ներդրումներ են կատարել Ադրբեջանի տնտեսության մեջ, թույլ չեն տա, որ Ալիևը հանկարծ այդպես «անկախ» քաղաքականություն վարելով փորձ կատարի իրենց ներդրումները ջուրը լցնել և մեծ խնդիրներ ստեղծել իրենց համար... ավելի շուտ իրենք մեծ խնդիրներ կստեղծեն Ադրբեջանի համար, ինչպես դա արեցին շատ բռնապետերի հետ, ինչպիսիք են՝ Սադամ Հուսեյնը, Մուհամադ Քադաֆին... հիմա նույնը կատարում են նաև Սիրիայում: Այնպես որ Իլհամ Ալիևը ավելի շուտ կզրկվի կզրկվի նախագահի պաշտոնիցմ, քան նրան թույլ կտան, որպեսզի Ադրբեջանը մտնի ԵՏՄ կազմի մեջ:
Ես ավելի շատ Սերգեյ Լավրովի այցը կապում եմ հենց այն հայտարարության հետ, որը Մոսկվայում արել է ԼՂՀ նախագահը, այսինքն՝ նա ժամանեց Երևան համապատասխան բանակցություններ վարելու Հայաստանի իշխանությունների հետ և դրա արդյունքն է եղել այն, որ հիմա Արցախն է ցանկանում օգնել Ռուսաստանին Սիրիայում ահաբեկիչների դեմ պատերազմում... սա իհարկե շատ մեծ վտանգ պարունակող հայտարարություն էր և ես գտնում եմ, որ սա շատ մեծ խնդիրներ կբերի թե՛ ՀՀ-ի համար, թե՛ հայերի համար, ովքեր ապրում են արաբական երկրներում: