«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ գիշեր Հայաստան է ժամանել Արա Աբրահամյանը, «բրատվան»՝ հարազատները, եղբայրները, նրան դիմավորել են շքեղ ավտոմեքենաների «կալոնայով», որպեսզի բոլորը հասկանան, որ Արա Աբրահամյանը Հայաստանում «Լավ տղա ա, Պուտինն իրեն ասել ա՝ հա»։ Արա Աբրահամյանը մենակ է իջել ինքնաթիռից, սակայն օրվա երկրորդ կեսին գործարարների մեծ պատվիրակություն պետք է ժամաներ Հայաստան՝ եվրասիական տեղեկատվական կենտրոնի ամռանը կազմակերպվելիք ֆորումի նախապատրաստական աշխատանքների հետ կապված։ Արա Աբրահամյանը, ինչպես միշտ, կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ։

Ի դեպ, տնտեսական այդ «նախապատրաստություններին» զուգընթաց, Աբրահամյանն զբաղված է նաև հայաստանյան քաղաքական և մեդիա ոլորտում համախոհների հավաքագրմամբ։ Ընդ որում, այդ գործը նա կատարում է Բաղրամյան 26-ի հետ համաձայնեցված։ Ալամ աշխարհի հայերի միության նախագահն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել մի քանի կայքերի խմբագիրների հետ՝ իրեն և իր աշխատանքները հավուր պատշաճի ներկայացնելու համար, որովհետև առաջին ասուլիսի «տառապանքի փորձը» նրան ապացուցել է, որ հանպատրաստից հայաստանյան դաշտ մտնելն ականապատված տարածք ոտք դնելուն է հավասար, ուստի պետք է դաշտը պատրաստել նոր «մուտքի» համար։ Կայքերը, որոնց հետ համագործակցություն է սկսել Արա Աբրահամյանը, չցանկացան պատասխանել այս առնչությամբ իրենց ուղղված մեր հարցերին»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: