«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Այս տարվա հունվարի 12-ին Գյումրիի բնակիչներ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործը երեկ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը: Այս քրեական գործն իր բնույթով և հնչեղությամբ աննախադեպ է: Ուստի «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանից պարզել, թե արդյոք իրենց դատարանը ունի անհրաժեշտ անվտանգության միջոցներով կահավորված մեծ դահլիճ, և հնարավոր է, որ նիստը արտագնա՝ Երևանում տեղի ունենա: Ըստ Հովհաննիսյանի՝ իրենց դատարանն անհրաժեշտ բոլոր պայմաններն ունի՝ Պերմյակովի դատավարությունը կազմակերպելու համար:
«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե հնարավոր է, որ գյումրեցիների ինքնադատաստանից խուսափելու համար որոշվի գործի դատավարությունը Երևան տեղափոխել, Հովհաննիսյանը պատասխանեց. «Այդ հարցը կլուծի գործը վարող դատավորը, որտեղ կորոշի քննել, այնտեղ էլ կքննի: Իհարկե, չի բացառվում, դա օրենքով նախատեսվող պրոցես է, կարող է նաև արտագնա նիստ լինել»: Գործը քննող դատավորի անունը հայտնի կդառնա առաջիկա երկու օրերին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: