Մեծ մեձավոր Արևելքում վերջին մի քանի օրերի զարգացումները բավականին ստրատեգիական փոփոխությունների, աշխարհաքաղաքական տեղաշարժերի, ինչու չէ՝ նաև քաղաքակրթական դիվերսիֆիկացիաների հնարավորություններ են ստեղծում: Կասկած չկա, որ թուրքականսահմանին ռուսական ինքնաթիռի կործանումը կհանգեցնի Ռուսաստանի կողմից որոշակի կոշտ քայլերի: Հետաքրքիր է, թե այս դեպքում ինչ կարգավիճակում կհայտնվի Հայաստանը: Պատմական «զորավոր» փաստերը վկայում են, որ ռուս-թուրքական 13 պատերազմների ընթացքում Հայաստանը ոչ մի անգամ շահեկան դիրքերում չի եղել:
Ահա թե ինչպիսի քրոնիկոն է ունեցել ռուս-թուրքական «հովվերգությունը»:
1568-1570 թթ. Տեղի է ունեցել ռուս-թուրքական առաջին պատերազմը՝ Ռուսական ցարության և Օսմյանյան կայսրության միջև։ Այս պատերազմի համար պատճառ է դարձել օսմանյան սուլթանի ցանկությունը՝ վերադարձնել Աստրախանի խանությունը իր ազդեցության ոլորտ։
1676-1681 թվականների պատերազմում Օսմանյան կայսրությունը գրավել է աջափնյա Ուկրաինան։ Ռուսաստանը, վախենալով, որ կարող է կորցնել նաև ձախափնյա Ուկրաինան, պատերազմ է հայտարարել Թուրքիային։ 1681թ. հունվարի 3-ին կնքվել է Բախչիսարայի պայմանագիրը, որով Ռուսաստանի և Օսմանյան կայսրության սահմանն անցել է Դնեպր գետով։
1686-1700թթ.՝ հակաթուրքական «Սրբազան Լիգային» (Ավստրիա, Ռեչ Պոսպոլիտա, Վենետիկ) միանալուց հետո Ռուսաստանը պատերազմ է սկսել Օսմանյան կայսրության դեմ։ Պատերազմի ընթացքում ռուսական զորքի կողմից իրականացվել են Ղրիմի և Ազովի արշավանքները: 1700 թ. Կ. Պոլսում կնքվել է պայմանագիր, որով Ազովն անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։
1735-39թթ. պատերազմը տեղի է ունեցել Ղրիմի թաթարների հարձակումների և 2 ժողովուրդների ներքին հակասությունների սրման պատճառով։ Ռուսական հրամանատարության նպատակը Ղրիմի և Ազովի ձեռքբերումն էր։ 1736 թվականի մայիսին ռուսական բանակը գրավել է Բախչիսարան, իսկ հունիսին՝ Ազովը և թուրքական Օչակով ամրոցը։ 1739թ. կնքվում է Բելգրադի հաշտության պայմանագիրը, որով Ազովը կրկին անցել է Ռուսաստանին։
1768-74թթ. պատերազմը սկսվում է այն բանից հետո, երբ Ռուսաստանը հրաժարվել է Թուրքիայի պահանջով զորքերը դուրս բերել Լեհաստանից։ Մինչ պատերազմը, Օսմանյան կայսրությունը փորձում էր ընդլայնել իր ազդեցությունը Սև ծովի ափամերձ շրջաններում, ինչպես նաև գրավել Աստրախանը։ Պատերազմն ավարտվել է Քյուչուկ Կայնարջիի հաշտությամբ, որով Ռուսաստանին են անցել հարավային Ուկրաինայից մինչև հարավային Բուգա ընկած տարածքը, ինչպես նաև ձեռք է բերել ազատ ելք դեպի Սև ծով։
1787-1791թթ. Թուրքիան պատերազմ է հայտարարել, որի նպատակը եղել է Ղրիմը և այլ տարածքները հետ վերադարձնելը։ 1791թ. դեկտեմբերի 29-ին կնքվել է Յասսիի հաշտության պայմանագիրը, որով Ռուսաստանին է անցել Հարավային Բուգի և Դնեստրի միջև ընկած տարածքը, իսկ Ղրիմը ճանաչվել է Ռուսաստանի մաս։
1806-1812թթ. պատերազմի առիթ է հանդիսացել Վալախիայի և Մոլդովայի վերակացուներին պաշտոնանկ անելու հանգամանքը։ Ըստ ռուս-թուրքական պայմանագրի՝ այդ տարածքների վերակացուների նշանակումն ու ազատումը պետք է կատարվեր Ռուսաստանի համաձայնությամբ։ 1812թ. մայիսին կնքվել է Բուխարեստի պայմանագիրը, որով Ռուսաստանին է անցել Բեսարաբիան։
1828թ. ապրիլի 14-ին Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Օսմանյան կայսրությանը։ Ռազմական գործողություններն ընթացել են Բալկանյան և Կովկասյան ճակատում: 1829թ. սեպտեմբերի 2-ին կնքվել է Ադրիանապոլսի հաշտության պայմանագրի, ըստ որի` Ռուսաստանին են անցել Սև ծովի կովկասյան ափը, Ախլցխայի փաշայության մի մասը, Հունաստանը ստացել է անկախություն, իսկ Սերբիան, Մոլդովան, Վալախիան ձեռք են բերել ինքնավարություն։ Արևմտյան Հայասատանի մեծ մասը, որն ազատագրվել էր Ռուսաստանի կողմից, հետ է վերադարձվել Թուրքիային։
1853 թվականի մայիսին Ռուսաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ, նույն թվականի հոկտեմբերի 4-ին Թուրքիան (Անգլիայի և Ֆրանսիայի դրդմամբ) պատերազմ է հայտարարել Ռուսաստանին։ 1856 թվականի մարտի 18-ին Փարիզում ստորագրվել է հաշտության պայմանագիր, ըստ որի Ռուսաստանին արգելվում էր ռազմական նավատորմ և ռազմաբազաներ ունենալ Սև ծովում, Ռուսաստանը Թուրքիային էր զիջում Բեսարաբիայի հարավային մասը, պարտավորվում էր ճանաչել մեծ տերությունների հովանավորությունը Մոլդովայի, Վալախիայի և Սերբիայի վրա։ Ռուսաստանը Թուրքիային էր վերադարձնում Անդրկովկասում գրաված բոլոր տարածքները (այդ թվում և Կարսը)։
1877թ. ապրիլի 12-ին Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Թուրքիային։ Պատերազմական գործողությունները մղվել են միաժամանակ Բալկանյան և Կովկասյան ռազմաճակատներում։ Բալկանյան ռազմաճակատում ռուսական զորքերը գրավել են Բուլղարիան, Ադրիանապոլիսը և հասնում մինչև Կ.Պոլսի մատույցներ։ 1878թ. փետրվարի 19-ին Սան Ստեֆանոյի, ապա հունիսին 1-ին Բեռլինի պայմանագրով Ռուսաստանին են միացել Կարսը, Արդահանը, Բաթումը։ Ռուսաստանին են վերադարձվել հարավային Բեսարաբիան, որը կորցրել էր Ղրիմի պատերազմի ժամանակ, ինչպես նաև՝ Ղրիմը։
1914-1917թթ-ին Առաջին Համաշխարհայինի տարիներին հակադիր բևեռներում կռվող պետությունների թվում էին նաև Ռուսաստանն ու երիտթուրքական Թուրքիան: Աշխարհամարտը սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին և տևել է մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը։ Պատերազմում զոհվել է մոտ 9 միլիոն զինվորական և ավելի քան 7 միլիոն խաղաղ բնակիչ (ամբողջական և հավաստի տվյալներ չկան): 1918 թվականի մարտի 3-ին կնքվել է Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը, մի կողմից Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ներկայացուցիչների, մյուս կողմից՝ Կենտրոնական ուժերի (Գերմանական կայսրություն, Ավստրո-Հունգարիա, Օսմանյան Թուրքիա և Բուլղարական թագավորություն) միջև։ Պայմանագրում նշվում էր Առաջին համաշխարհային պատերազմում Ռուսաստանի պարտության և հեռանալու մասին։ Ռուսները պատրավորվել են թուրքական կողմին վերադարձնել ոչ միայն պատերազմի ընթացքում գրավված Արևմտյան Հայաստանի տարածքները, այլև 1878 թվականից Ռուսական կայսրության մաս հանդիսացող Արդահանի, Կարսի և Բաթումի մարզերը։
Հ.գ 1. Սիրիայում ճգնաժամի գրեթե սկզբից Թուրքիան սկսեց անուղղակի օժանդակություն ցուցաբերել ընդդիմության ուժերին: Այդ օժանդակությունը չսահմանափակվեց միայն կազմակերպչական բնույթի օգնությամբ. շուտով այն ստացավ նաև նյութական տեսք: Թուրքիայի և այլ երկրների օգնությամբ Սիրիայում գործող զինված ահաբեկչական, այսպես կոչված, «ընդդիմադիր» խմբերից վերջին շրջանում հզորացավ և միջազգային հանրության շրջանում ճանաչում ձեռք բերեց «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:
Հ.գ. 2. Ռուսաստանի Պետդումայում առաջարկվել է օրինագիծ` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին: