«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Արդեն մի քանի օր է, ինչ հայ հասարակությունը շարունակում է քննարկել հանցավոր խմբավորման անդամների մասին լուրերը. ովքե՞ր են նրանք` ի վերջո, ահաբեկիչնե՞ր, թե՞ Հայաստանում հեղափոխություն անելու նպատակ ունեցողների մի խումբ: Թվում էր, թե այս հարցերի պատասխանները երեկ հրավիրված ասուլիսի ընթացքում պետք է տար ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը, բայց, ընդհակառակը, նոր հարցականներ ի հայտ եկան:
ԳԱՂՏՆԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ
Նոյեմբերի 25-ին, երբ վնասազերծվեց և ձերբակալվեց հանցավոր խմբավորումը, ՀՀ ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց` հայտնելով, որ խմբի անդամների թիվը հասնում է 9-ի: Սակայն դեպքի հաջորդ օրը հայտնի դարձավ, որ խմբավորումն իրականում 19 անդամ ունի, որոնց թվում ՀՀ գրեթե բոլոր մարզերից ընդգրկված քաղաքացիներ էին, մեծ մասը՝ գործազուրկ: Իսկ երեկ էլ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը հայտարարեց, որ հանցավոր խմբավորման անդամների թիվը 21 է:
Այն, որ այս մարդիկ իրար հետ ընդհանրապես առնչություն չունեն և մեկ ընդհանուր խմբավորման մեջ տարբեր տեղերից հավաքագրված անհատներ են, անզեն աչքով կարելի է նկատել: Ու դժվար է պատկերացնել, թե ինչ կապ կարող են ունենալ միմյանց հետ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը և 21-ամյա Նելլի Մինասյանը: Կամ հետաքրքիր է՝ ինչ առնչություն կարող են ունենալ հանցավոր խմբավորման պարագլուխ համարվող, Քեսաբի ազատագրման համար պայքարող «Հայոց վահան» գնդի հիմնադիր Արթուր Վարդանյանը և Շիրակի մարզի Փանիկ համայքի բնակիչներ Տիգրանն ու Գևորգ-Արեգ Ջնդոյանը:
ՈՉԻՆՉ ՉԱՍՈՂ ԽՈՍՔԵՐ
Ուշագրավ էր նաև ԱԱԾ քննչական վարչության տեղակալի խոսքերը խմբի ֆինանսավորման մասին. «Խումբը ձևավորվել է հանցավոր կոնկրետ նպատակների իրականացման համար: Եղել է դերաբաշխում, յուրաքանչյուր անդամ իմացել է իր դերը և պարտականությունները: Խումբը ֆինանսավորվել է տասնյակ հազարավոր դոլարներով: Գումարները տրվել են ՀՀ տարածքում, սակայն ծագման աղբյուրները պետք է պարզենք»:
Ըստ ԱԱԾ ներկայացուցչի՝ խմբի անդամներն իրենց գործունեությունը քողարկելու համար կատարել են անհրաժեշտ միջոցառումներ, գաղտնի հեռախոսներ են ունեցել, սակայն, «չնայած այդ ամենին, խմբի գործունեությունը ԱԱԾ աշխատակիցների անձնուրաց և ջանասիրաբար կատարած աշխատանքի արդյունքում հայտնվել են տեսադաշտում, որից հետո խումբը վերցվել է հսկողության տակ և արդեն ձեռնարկած միջոցառումների շնորհիվ այն վնասազերծվել է»,- հնարավորինս խրոխտ ձայնով ընթերցեց ԱԱԾ պաշտոնյան:
Ո՞ՒՄ ՓՈՂԵՐՈՎ
…Ինչպե՞ս են Հայաստանի ներսում ֆինանսավորվել խմբի անդամները: Սովորաբար նման խոշոր գումարները ստանում են 3 ճանապարհով՝ կա՛մ բանկի միջոցով, որը ժամերի ընթացքում պարզելի խնդիր է, կա՛մ արտերկրից կանխիկ բերելով, այդ դեպքում ինչով էին զբաղված սահմանապահներն ու ԱԱԾ-ն, կա՛մ էլ Հայաստանի ներսում ինչ-որ մեծ կարողության տեր մարդը կարող էր տալ: Իսկ Հայաստանում քանի՞ մարդ կա, որ ունի տասնյակ հազարավոր դոլարներ: Թերևս դժվար չէ պարզել այս հարցը. գուցե հեղաշրջման փո՞րձ է կանխել ԱԱԾ-ն` վերնագրելով հանցախումբ: Հուսանք` կպարզվի, կիմանանք իրականությունը:
Ուշագրավ է նաև այն, որ ԱԱԾ-ի բուռն և ջարդուփշուրով ուղեկցված գործողության ընթացքում «հանցախմբի անդամ» երիտասարդ աղջիկները հասցրեցին զգեստափոխվել: Իսկ գուցե շոուն երկու օրվա ընթացքո՞ւմ է նկարահանվել: Համաձայնեք` չարժեր մուսուլմանական ահաբեկիչներին հավասարեցնել հայտնաբերված խմբին` հատուկ կադրերով ցույց տալով երիտասարդ աղջիկներին: Ազգային ինքնությունն ու հայ կնոջ կերպարն աղավաղելու առավել վատ տարբերակ դժվար թե գտնվեր. նրանք դեռ պետք է ապրեն, բայց ԱԱԾ-ն խեղեց ճակատագրերը»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: