Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ցանկանում է շարունակել կարիերան գերմանական ակումբում:

Ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի փոխանցմամբ՝ առաջիկայում բանակցություններ են սկսվելու դորտմունդցիների հետ՝ գործող պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ: 

«Հենրիխն այն ֆուտբոլիստներից չէ, ովքեր ակումբն ընտրում են գումարի կամ երկրի համար: Նա իր որոշումները կայացնում է՝ կախված այն հանգամանքից, թե որտեղ կունենա առաջադիմելու հանարավորություն:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն ուղղակի ֆանտաստիկ խաղ է ցուցադրում: Հաջորդ ամիս մենք «Բորուսիայի» ղեկավարների հետ բանակցություններ կսկսենք»,- Ռայոլայի խոսքերը մեջբերում է Fussballtransfers.com-ը:

Հիշեցնենք, որ 26-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2017 թվականի ամռանը:

Հավելենք նաև, որ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում դարձել է 13 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: