Ինչպես արդեն նշել ենք, բացի հետախուզադիվերսիոն գործողությունից, դեկտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /197 արկ/, 82 /43 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /14 արկ/, ՌԳՊ-7 /1 արկ/ նռնականետերից ու TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքից /4 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց:

Այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի ականանետային և հրթիռային զինատեսակներից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողության հետեւանքով զոհված զինծառայող Էրիկ Գրիգորյանն այսօր պետք է զորացրվեր: Այս մասին YerevanNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շաքիի գյուղապետ Վահան Ղազարյանը, որի համագյուղացին է այս գիշեր զոհված զինծառայողը:

«Այսօր պետք է զորացրվեր, ընտանիքում սպասում էին, որ այսօր-վաղը տուն է գալու Էրիկը, բայց առավոտյան իմացանք, որ զոհվել է։ Ընտանիքի անդամներն արդեն գիտեն, շատ ծանր վիճակում են»,- ասաց գյուղապետը: