Երևանի «գոյություն չունեցող և անտեր» շենքի բնակիչները արդեն ստացել են դեկտեմբերի 6-ի ընտրությունների մասնակցության ծանուցումը: Երևանի քաղաքապետարանը և մյուս պետական գերատեսչությունները հրաժարվում են այս շենքից՝ հիշելով միայն այն ժամանակ, երբ իրենց է անհրաժեշտ: Այս մասին դեկտեմբերի 3-ին «Ելակետ» մամուլի ակումբում հայտարարեցին Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը և Նազարբեկյան 48 շենքում բնակվող ՀՀ քաղաքացիները:
54 ընտանիք դուրս է մնացել Երևան քաղաքի հաշվեկշռից, սակայն նրանք բոլորը ստացել են գալիք ընտրությանը մասնակցելու ծանուցում:
Անմարդկային պայմաններում ապրող Նազարբեկյան 48-ի բնակիչները տանիք և կոյուղի են խնդրում, սակայն ստանում են միայն մերժում: 54 բնակարանից 15-ը նվիրաբերված են, իսկ մյուսները՝ օրինական եղանակով գնված: Այս բոլոր մարդկանց միավորում է ավիրված և թաց պատերով այս խարխլված շենքը: