ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Ամեն տարի այս օրը համայն հայությունն աշխարհի բոլոր ծայրերում իր հարգանքի տուրքն է մատուցում 1915 թվականի ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Մեկ անգամ եւս իր ձայնն է բարձրացում ընդդեմ բռնության ու կոտորածի, չարի ու ոճրագործության: Իր ձայնն է բարձրացնում` հանուն պատմական արդարության հաղթանակի եւ հանուն հետագա ցեղասպանությունների բացառման:

Աշխարհի առաջադեմ մարդկությունը պետք է ի վերջո լսի մեր ձայնը, որը կոչ է` ի պաշտպանություն ազգային ու համամարդկային արժեքների պահպանման ու զարգացման, լսի ու դատապարտի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված այդ հրեշագործությունը:

Հայ ժողովուրդն ունի շատ բարեկամներ, ովքեր սատար են եղել մեզ թե այն օրհասական պահին` օթեւան տալով մազապուրծ հայերին, թե այսօր` կանգնելով մեր կողքին եւ մեզ հետ միասին պաշտպանելով մեր պահանջատիրությունը: Մենք հիշում ենք բոլորին եւ երախտապարտ ենք խորապես:

Օր օրի զորացնելով հայոց անկախ պետականությունն ու Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը` մենք հաստատուն ու աներեր քայլերով գնում ենք դեպի ապահով ու անվտանգ ապագա՝ սերունդների համար կերտելով ուժեղ ու զարգացած հայրենիք: Սա է մեր պատասխանը բոլոր արհավիրքներին, սա է բոլոր զոհերի հիշատակը վառ պահելու միակ ուղին»: