Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Գ-3 թաղամասի Նազարբեկյան 48 շենքը Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում չլինելու մասին քաղաքապետարանի պաշտոնյաների պնդումը իրականությանը չի համապատասխանում, որովհետև ձեռքիս տակ ունեմ ՀՀ քաղաքաշինության նախարար Վ.Վարդանյանին ուղղված Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի 1.02.2008 թվականի նամակն այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի «Շինկազմակերպում» ՊՁ-ի հաշվեկշռից 12.08.1997թ. Գ-3 թաղամասի Նազարբեկյան 48 շենքը հանձնվել է Աջափնյակ թաղային համայնքին: Նամակում նշված է նաև, որ. «Շենքը համարվում է կիսակառույց և բնակության համար ոչ պիտանի: Աջափնյակ համայնքի կողմից ներկայումս միջոցներ են ձեռնարկվում շենքի շինարարական աշխատանքները վերսկսելու համար: Շենքի բնակարանները ինքնակամ զբաղեցվել են քաղաքացիների կողմից, որոնք առանց թույլտվության կատարում են շինարարական աշխատանքներ, ինչը մեծ վտանգ է ստեղծում շենքի փլուզման համար և խոչընդոտում է շենքի ամրացման և շինարարական աշխատանքները վերսկսելուն»:
Ակնհայտ է, որ 2008թ. Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը ՀՀ քաղաքաշինության նախարարին ոչ ճիշտ տեղեկություն է տրամադրել, շենքի շինարարությունը ոչ միայն ավարտին չի հասցվել, այլև Աջափնյակ համայնքի թաղապետարանի անմիջական միջամտությամբ այդ բնակարանները դարձել են բազմակի առ ու վաճառքի առարկա: Նշեմ, որ բազմաթիվ դատական բոլոր վճիռները կայացվել են նույն դատավորի կողմից:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ պարոն Ամյանը 22.02.2008 թվականին շենքի բնակչին նամակով տեղեկացրել է այն մասին, որ Գ-3 թաղամասի Նազարբեկյան 48 կիսակառույց շենքը համարվում է կիսակառույց և ՀՀ կառավարության 15.11.96թ. հ.358, 18.07.97թ. հ.191 և Երևանի քաղաքապետի 05.08.97թ. հ.853 որոշումների համաձայն հանձնվել է Աջափնյակ թաղապետարանի հաշվեկշռին, որը բնականաբար 2009-ին պետք է անցներ Երևանի հաշվեկշռին:
Նույն պարոն Ամյանը, մոռանալով իր ստորագրությամբ վերոնշյալ նամակի մասին, 7 տարի անց նույն բնակչին 18.11.2015թ. 20/1-Ի-453 նամակով հայտնել է, որ Գ-3 թաղամասի Նազարբեկյան 48 շենքը Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում չի գտնվում:
Ստացվում է, որ Երևանի մասին օրենքով Երևանը համայնք հայտարարելուց հետո, նախկինում համայնք համարվող վարչական շրջանների ամբողջ գույքը փոխանցվեց Երևան համայնքին, բացի Գ-3 թաղամասի Նազարբեկյան 48 շենքի՞ց: Իհարկե նման բան չի կարող լինել, որքան էլ քաղաքապետարանը հրաժարվի շատ խնդիրներ ունեցող այս շենքին տիրություն անելուց:
Շենքի բնակիչները որպես երևանցիներ, ընտրություններից առաջ ստանում են ծանուցումներ, այսինքն ընտրությունների ժամանակ շենքը Երևանի հաշվեկշռում է հայտնվում, իսկ ընտրություններից հետո՝ ո՞չ: Շենքի բնակիչները 17-րդ թաղամասի Վան համատիրության հետ համագործակցում են, իրենց անհրաժեշտ տեղեկանքները տալիս է այդ համատիրությունը, պատրաստակամ են վճարել շենքի սպասարկման ծախսերն ու աղբի գումարները, մնում է այս ուղղությամբ Աջափնյակ վարչական շրջանը ձեռնարկի անհրաժեշտ քայլեր:
Փաստորեն շենքի 54 բնակարաններից 36-ը դատարանների որոշման հիման վրա սեփականաշնորհվել են՝ կադաստրից ստանալով սեփականության վկայականներ, 15-ը կառավարության 2015թ. որոշմամբ նվիրվել են, 3-ը մնացել է որպես պետական սեփականություն, բայց կառավարությունն այդ 15 նվիրված բնակարանների տերերի՞ց է ակնկալում շենքի տանիքի, կոյուղու և վերելակների կառուցումը:
Այս խնդիրը պետք է լուծի Երևանի քաղաքապետարանը՝ ներառելով այն Երևանի զարգացման 2016թ. ծրագրում և բյուջեում, որի առաջարկությունն արդեն արել եմ և այն պնդելու եմ:
Երևանի ավագանու «Բարև Երևան» Խմբակցության անդամ Անահիտ Բախշյան