Կյանքը շարունակվում է՝ անկախ հանրաքվեի գրանցած արդյունքներից ու նույն կերպ կշարունակվեր, եթե այս արդյունքները չամրագրեին, այլ ամրագրեին ուրիշ թվեր։ Կյանքը, միևնույն է, շարունակվում է, բայց դա չի նշանակում, որ ոչինչ չի փոխվում։ Ո՞ւմ մեղադրես կատարվածի համար։ Բոլորին ու ոչ մեկին։ Ինչո՞ւ։
Որովհետև բոլորն էլ գիտեին, թե ինչ է պետք ակնկալել պայմանական հավաքական «հանրապետականից»։
Բոլորը գիտեին, որ միշտ գտնվել ու գտնվելու է մի քանի հարյուր հազար մարդ, ով 5000-ով կքվեարկի Այո-ի էլ չէ՝ Լյուցիֆերի օգտին, իսկ եթե թիվը մի քիչ ավելացնես՝ մի քանի անգամ կքվեարկի, իսկ եթե պատվիրես՝ լցոնումներ էլ կանի։
Բոլորն էլ գիտեին, որ ընդդիմադիր երբեմնի հզոր ուժերն այնքան են թուլացել, որ անգամ չեն կարողանում ապահովել իրենց ներկայացուցիչների ներկայացումը բոլոր ընտրատեղամասերում՝ թե՛ հանձնաժողովների մակարդակով, թե՛ դիտորդների մակարդակով։ Եղածների զգալի մասն էլ ծախվել էին նույն պայմանական հավաքական «հանրապետականին»։
Ու հա, բոլորն էլ գիտեին, որ թե՛ շատերի կողմից որպես արդարության ու իդեալական բարքերի կղզի համարվող Եվրոպան էլ է ի վերջո ասելու, որ սա արդար ու թափանցիկ գործընթաց էր, թե՛ ռուս-եվրազեսական մասսան էլ էր երեկվա խմած կոնյակի պերեգառով ասելու, որ ամեն ինչ բարձր կարգով էր...
Բոլորս էլ գիտեինք, բոլորս էլ սպասում էինք, բայց դրանից տհաճ նստվածքն ավելի հաճելի չի դառնում։ Սակայն խնդիրը սոսկ այդ տհաճ նստվածքը չէ։ Խնդիրը, ցավոք, ավելի խորն ու ավելի վտանգավոր է։
Այս հերթական խայտառակությունն ունենալու է երկու ուղղակի և մեկ անուղղակի հետևանքներ. մի կողմից ավելանալու է հիասթափությամբ մոտիվացված արտագաղթի ծավալը, իսկ մյուս կողմից՝ նույն այդ հիասթափությունից բխող ատելությունն է խորանալու, ու հասարակությունում ավելանալու են ծայրահեղության հակվող խմբերը, և ԱԱԾ-ն գնալով ավելի հաճախ է ստիպված լինելու «Մարաշի զինված խմբեր» բացահայտել ու վնասազերծել, բայց որքան աճի այդ ատելության սանդղակը, այնքան էլ կաճի անհատական տեռորի հավանականությունը (տես Ցարական Ռուսաստանի վերջին տասնամյակների օրինակը)։
Եվ անուղղակի հետևանքի մասին. վաղը, մյուս օրը, եթե հայտնվի մեկը, ով գոնե կես կիլո քաշ ունի ու էնքան տուտուզ, որ կարող ա մարսի գործող համակարգի դեմ դուրս գալը, հանգիստ կկարողանա նախահեղաշրջական վիճակ ստեղծել երկրում՝ անկախ այդ կերպարի բարոյական բնութագրից ու նման փոփոխությունների դրական հեռանկարների բացակայությունից, որովհետև մասսաների մոտ ատելությունը կհաղթի պրագմատիզմին։ Կլինի դա ինչ-որ նորահայտ կերպար, որ դեռ չի երևացել քաղաքական արենայում, թե, ասենք, Քոչարյանը, թե, ասենք, առհասարակ ռուսական 10-րդ բանակը, արդեն էական չէ, կարևորն այն է, որ մարդիկ դրա մեջ տեսնեն գործող իշխանություններին հակառակվելու պոտենցիալ ունեցող ուժ։
Էսպես չի կարելի վարվել մարդկանց հետ ուղղակի։ Մենք անասուն չենք, մենք հենց այն ճյուղն ենք, որի վրա նստած է ցանկացած, նույնիսկ՝ ամենավատ իշխանությունը։
Konstantin Ter-Nakalyan