Դեղձը սթրեսի, իսկ ելակը` տոնուսի համար
Պարզվում է, որ մթերքների օգտակար հատկությունները մեծ մասամբ պայմանավորված են դրանց գույնով:
Ահա այդ գունավոր մենյուն.
կարմիր մթերքները (բազուկ, բուլղարական տաքդեղ, ելակ, լոլիկ) խթանում են նյութափոխանակությունը, բարելավում արյան շրջանառությունը, բարձրացնում աշխատունակությունը: Սակայն դրա ավելցուկը կարող է գերգրգռվածություն ու քնի խնդիրներ առաջացնել:
Նարնջագույն մթերքներն (արմավ, դեղձ, ծիրան, դդում, նարինջ, մանդարին, գազար) օգնում են նյարդային բջիջների վերականգնմանը, մկանային հյուսվածքի թարմացմանը, խթանում են միզասեռական ուղին, բարձրացնում տրամադրությունը, նպաստում հոգնածության ու անկումային տրամադրության հաղթահարմանը, հանգստացնում գլխացավը:
Դեղինը (կիտրոն, արքայախնձոր, խնձոր, բանան, եգիպտացորեն, դեղնուց, պանիրներ) խթանում է մարսողությունը, բարելավում ախորժակը, էներգիա հաղորդում ու նպաստում արյան մաքրմանը:
Սպիտակը (կաթ, կաթնամթերք, կաթնաշոռ, բրինձ, սխտոր, ծաղկակաղամբ) հանգստացնում է, նյարդայնությունը վերացնում ու օրգանիզմից դուրս բերում թույները:
Կանաչը (բրոքոլի, կանաչ ոլոռ) սնուցում է ուղեղը, բարձրացնում ակտիվությունը, թուլացնում լարվածությունը: Քլորոֆիլը, որ կա կանաչ պտուղ-բանջարեղենում, խթանում է էրիթրոցիտների մշակումը (արյան կարմիր մարմնիկներ), ակտիվացնում իմունային համակարգը:
Կապույտը (մուգ խաղող, հաղարջ, սալոր, կարտոֆիլի մուգ-մանուշակագույն տեսակը) կենսաբանորեն ակտիվ նյութեր է պարունակում` անտոցիաններ, որոնք արյունատար անոթներն ու տեսողությունն են պաշտպանում:
Տորոնտոյի համալսարանի գիտնականները մի զվարճալի փորձ են կատարել. կամավորների խմբին նստեցրել են շքեղ սպասքով ու ախորժալի ուտելիքներով լցված սեղանի շուրջ: Ու երբ մարդիկ սկսել են ախորժակով ուտել, հանկարծ սովորական լույսի փոխարեն միացրել են կանաչ, կապույտ ու կարմիր լամպերը, որոնցից մթերքներն անճանաչելիորեն փոխել են գույնը:
Հետևանքը եղավ այն, որ կամավորների մեծ մասը պարզապես չկարողացավ մի պատառ անգամ ուտել. քաղցրն անհամ էր թվում, թթուն` դառը: Ահա դրանից էլ հանգեցին այն եզրակացության, որ համային ռեցեպտորներն աշխատում են տեսողության հետ սերտ փոխազդեցությամբ, ու գույնը, փաստորեն, նույնքան կարևոր է, որքան համը:

Վրեժ Հովսեփյան