Հայ քանդակագործ Վլադիմիր Անտաշյանն իր 4 ընկերների հետ կերտել է Մայր Ադրբեջանի արձանը: «Sputnik Արմենիան» գրում է. «1983 թվականն էր. քանդակագործ Վլադիմիր Անտաշյանը պատմում է, որ խորհրդային տարիներին հայ քանդակագործները մեծ համբավ ունեին, ու հենց նրանց հանձնարարվեց կերտել Մայր Ադրբեջանի արձանը: Հայաստանում ստեղծեցին գիպսե մոդելը և ուղարկեցին հարևան երկիր: Անտաշյանը սակայն չգիտի, թե արձանն ինչ ճակատագիր ունեցավ, կանգուն է, թե ոչ:
Անտաշյանի հմուտ ձեռքերով է ստեղծվել «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարմարե հուշարձանը, որը տեղադրված է Ստամբուլում:
Բազմաթիվ քանդակների հեղինակը հիշում է, որ խորհրդային գերտերության տարիներին հայ քանդակագործները բազմաթիվ պատվերներ էին ստանում, իսկ այսօր դրանց թիվը զգալիորեն նվազել է: Բացի այդ, արվեստագետները երբեմն տարօրինակ ու ցավալի իրավիճակներում են հայտնվում.
«Մրցույթներն անցկացվում են անհասկանալի եղանակներով: Բերեմ վառ օրինակ. երկու տարի առաջ մրցույթ հայտարարվեց, որին մասնակցում էր 40 քանդակագործ: Լեգենդար «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների և մարզիչների պատվին պետք է արձանախումբ ստեղծվեր: Ես այդ մրցույթում հաղթող ճանաչվեցի: Պատվիրատուն հրավիրեց մրցանակը հանձնելու, ինձ տվեց հասանելիք գումարն ու ասաց, որ այլ քանդակագործի է պատվիրելու շարունակել գործը: Ես, իհարկե, վիճեցի, քանի որ հեղինակային իրավունքի խնդիր կար, սակայն պատասխան ստացա՝ ես Ձեր աշխատանքը գնել եմ, ինչ ուզեմ՝ կանեմ»:
Անտաշյանն այլ օրինակներ էլ բերեց, սակայն նախընտրեց կենտրոնանալ կատարված գործերի վրա: Նախորդ տարի ԵՊՀ երախտիքի ծառուղում տեղադրվեց նրա ստեղծած արձանախումբը, որը 20-րդ դարասկզբին հայ ժողովրդին օգնության հասած գործիչներին է նվիրված: Նրանց թվում են Անատոլ Ֆրանցը, Ֆրիտյոֆ Նանսենը, Ֆրանց Վերֆելը և այլք:
Ընդհանրապես, վերջին տարիներին Երևանում արձանախմբեր կանգնեցնելու միտում է նկատվում:
2007 թվականին երևանցիները հիացմունքով ու ժպիտով «բարի գալուստ» ասացին քանդակագործ Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» արձանախմբին` տեղադրված Ստեփան Զորյան փողոցում»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: