Մոդեստ Կոլերով. «Թուրքիայի տարածքային ամբողջականությունն արդեն անցյալի վերհուշ է դառնում»... Փաստենք, որ ներկա քաղաքական բարդ իրավիճակում ռուս-թուրքական հարաբերությունները շարունակվում են էլ ավելի սրվել ու հասել են արդեն ծայրաստիճան գերլարման մակարդակի: Եվ սա սովորական «մկանների ցուցադրություն» չի` երկու երկրների միջև գնում է իսկական կատաղի պայքար տարածարջանային լիդերության համար:
Այդ կոնտեքստում վերջերս շատ է խոսվում 1921 թվականի սովետա-թուրքական տխրահռչակ պայմանագրերի չեղարկման մասին` և դա միանշանակ հասկանալի է: Այդ պայմանագրերի կնքման արդյունքում Հայաստանը բաձարձակապես անարդար և անիմաստ կերպով զգալի տարածքային կորուստներ կրեց: Ներկայումս փաստորեն ստեղծվել են այնպիսի քաղաքական պայմաններ, որ ուղիղ 70 տարի անց այս պայմանագրերի վերանայման հարցը նորից արդիական է դարձել Ռուսաստանի համար, ինչպես դա արդիական էր ԽՍՀՄ-ի համար` դեռևս 1945-ին: Այն ժամանակ Ստալինը հաստատուն կերպով մտադրված էր չեղարկել 1921-ի պայմանագրերը և ռազմակալել Արևելյան Թուրքիայի սահմանամերձ տարածքները` հօգուտ Հայկական և Վրացական ԽՍՀ-ների: Այդ ամենը, օբյեկտիվորեն ասաց, գուցեև այն ժամանակ արդեն հիմնավին փոխեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական բալանսը` միանշանակորեն ի վնաս Թուրքիայի:
Սակայն դա չեղավ, չնայած ամեն ինչ նախապատրաստված էր սովետական զորքերի դեպի Թուրքիայի տարածք առաջխաղացման համար: Պատմում են, որ թուրքերը 1945-ի հուլիսին անգամ իրենց սահմանային դիտակետերն էին ապամոնտաժել ու տեղափոխել երկրի խորքը: Ինչևէ, այդ ամենը չստացվեց իրականացնել տարաբնույթ քաղաքական հանգամանքների պատճառով: Ինչպես փաստերն են վկայում` Ամերիկայի կողմից ճապոնական քաղաքների ատոմային ռմբահարումից հետո 1945-ի օգոստոսին Ստալինը ԽՍՀՄ քաղբյուրոյի նիստում ասել էր հետևյալ իր հայտնի ֆրազը. «Ստամբուլի վրա արշավանքը հետաձգվում է` մինչ լավ ժամանակները, իսկ թուրքերը թող շնորհակալ լինեն ճապոնացիներին, որոնք դրա համար զոհեցին իրենց...»: Ներկայումս արդեն սովետա-թուրքական չարաբաստիկ պայմանագրերի չեղարկման փաստը Ռուսաստանի ձեռքին կարող է դառնալ մի պատրաստի մահակ՝ Թուրքիայի գլխին:
Երեկ Մոսկվայում կայացան քննարկումներ «Մոսկվայի և Կարսի պայմանագրերի դենոնսացիա. հնարավորությունները և ապագան» թեմայով: Հայտնի քաղաքագետ, «Ռեգնում» գործակալության տնօրեն Մոդեստ Կոլերովը մասնավորապես հանդես եկավ այսպիսի ուշագրավ դրույթներով. «Այն, որ Թուրքիայի տարածքային ամբողջականությունն արդեն անցյալի վերհուշ է դառնում` դա արդեն իսկ փաստ է: Այն, որ այս հարցում կգտնվեն համապատասխան իրավական ձևակերպումներ` դա արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ... Իսկ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցն արդեն բառացիորեն մեռած է: Սահմանից այն կողմ` Թուրքիա, երկիր որպես այդպիսին, այլևս չկա` այնտեղ այսօր արդեն փաստացի կիսաանկախ Քրդստանն է, իսկ վաղն արդեն` իրական անկախ Քրդստանը...»:
Ռուբեն Շուխյան