Երբ դիմեցի Ձեզ, որպես աստղ հարցազրույցի համար,Դուք ինձ չմերժեցիք, այլ սիրով համաձայնեցիք, միայն ասացիք, որ Դուք աստղ չեք:
Ի՞նչ ունի ավելին այն մարդը, որը իրեն աստղ է համարում, որ չունեք Դուք

-Առաջին հերթին շնորհակալ եմ,որ ինձ համարում եք աստղ,ինձ համար աստղ կարող են համարվել ավելի շատ ամերիկյան արտիստները,որոնք հենց ունենում են մեկ երգ կամ տեսահոլովակ ամբողջ աշխարհով են հայտնի դառնում միանգամից:Ես ինձ համարում եմ կոմպոզիտոր,որովհետև ես հեղինակ կատարող եմ:


Բացի երգչից,ուրիշ ի՞նչ կցանկանայիք աշխատել կամ մանկուց ի՞նչ եք երազել դառնալ

-Շատ եմ սիրում արևելյան մարզաձևերը: Փոքրուց պարապել եմ կառատե, երազում էի դառնալ սպորտսմեն կամ դաշնակահար, բայց դարձա երգիչ-երգահան:


Ի՞նչ նախասիրություններ ունի ձեր որդին` Արմանը, կցանկանայիք, որպեսզի նա շարունակի Ձեր աշխատանքը

-Տղաս չի թողնում իր ներկայությամբ դաշնամուր նվագեմ(ժպտում է): Չենք ֆիքսվել, որ երաժիշտ դառնա մեր Արմանը: Մենք այժմ ամեն ինչ անում ենք ,որ նա մանկուց կրթվի, քանի որ, ինչ էլ դառնա կարևորը կրթված և խելացի լինի:


Ունե՞ք սովորություն,որից ուզում եք ազատվել

-Ինքնագնահատականս բարձր չէ, ինձ միշտ թերագնահատում եմ, թերևս կցանկանայի դա փոխել…


Զգացողություն, որը միշտ Ձեզ հետ է

-Երջանիկ լինելու զգացողություն: Ինձ համրում եմ երջանիկ մարդ:


-Երջանիկ ե՞ք, որ հայ եք

-Շատ ուրախ ու հպարտ եմ, որ հայ եմ: Սիրում եմ մեր պատմությունը, մեծ երազանք ունեմ, հայկական երաժշտության մեջ իմ աշխատանքով գոնե մեկ ստորակետ դրած լինեմ:


Հավատու՞մ եք ճակատագրին, թ՞ե մարդն է կերտում իր ճակատագիրը

-Մարդ կարող է փոփոխություններ կատարել իր ճակատագրի մեջ, բայց ես հավատում եմ ճակատագրին…


Ձեր ամենամեծ երեք ձեռքբերումները մինչ այժմ

-Առաջինը իմ ընտանիքն է, երկրորդը իմ ընկերությունն է և վերջապես այն հարգանքը, որ վայելում եմ իմ երկրում իմ ժողովրդի և հանդիսատեսի կողմից:

Արդյո՞ք սիրում եք խնջույքի ժամանակ բաժակաճառ ասել և ո՞րն է ամենասիրելին

-Նախ ասեմ, որ շատ եմ սիրում խնջույքներ, բաժակաճառ ասում եմ միայն, երբ ընկերական շրջապատում եմ և գինովցած եմ… Սիրում եմ խմել կանանց և ընկերության կենացը և, իհարկե, երեխաներինը:

Հաճա՞խ եք հիասթափություն ապրում և ինչը կարող է Ձեզ հունից հանել

-Ես հունից շատ ուշ եմ դուրս գալիս, համարյա դուրս չեմ գալիս: Շատ հավասարակշռված եմ, մանկուց այդպես են ինձ դաստիարակել: Յուրաքանչյուր իրավիճակից առաջ մի լավ մտածում եմ նոր տրվում եմ զգացմունքներիս:


Թվարկե՛ք մի քանի լուսավոր կետեր ինչին դուք հավատում եք

-Ամենից լուսավոր կետը կարծում եմ սերն է, որը միշտ առկա է եղել մեր ընտանիքում: Ես սիրո մեջ եմ մեծացել: Շատ եմ հավատում ու երազում մեր երկրի պայծառ ապագային:


Ինչպիսի՞ն եք Զեզ պատկերացնում ծերության տարիներին

-Կցանկանայի լինել նեղ շրջապատի ներքո, ամենամտերիմ մարդկանց հետ ինչ որ հանգիստ վայրում:


Եթե կրկին ապրելու հնարավորություն Ձեզ տրվեր, ի՞նչը կփոխեիք Ձեր կյանքում

-Ես շատ գոհ եմ իմ կյանքից և եթե նորից ապրեի կցանկանայի ունենալ նույն կյանքը

Ո՞րն է երջանկությունն ըստ Հայկոյի

-Ինձ համար ամենից կարևորը երբ արթնանում եմ և հասկանում եմ, որ ամեն ինչ լավ է իմ սիրելի մարդկանց կյանքում: Կյանքը այնքան է բարդացել, որ ամեն օր այնքան վատ դեպքեր ենք լսում, վախի զգացումով ենք արթնանում:

Իսկ ինչպե՞ս է արթնանում Հայկոն

-Արման Հակոբյանի օգնությամբ (ծիծաղում է): Մեկ-մեկ այնպես է ստացվում, որ հեռուստացույց դիտելիս քնում եմ հենց հյուրասենյակում և վաղ առավոտյան Արմանս գալիս է և ինձնից ջուր է խնդրում, որից հետո միասին քնում ենք:


Աստված Ձեզ օժտել է երգելու և ստեղծագործելու շնորհով, ի՞նչ եք կարծում դրա դիմաց ինչ ակնկալիք ունի տերը Ձեզանից

-Ես միշտ համարում եմ, որ Աստված այն կարողությունները, որ տալիս է մարդկանց, սպասում է, որ մաքսիմալ կատարեն, չեմ կարծում, որ ես մաքսիմալ կատարում եմ, բայց համենայդեպս կարծում եմ, որ ազնիվ եմ իմ գործի մեջ և հույս ունեմ, որ կգնահատվեմ իմ ժողովրդի կողմից:


Գիտենք, որ դասավանդում եք Չայկովսկու անվան երաժշական դպրոցում, իսկ չկա՞ ցանկություն սեփական դպրոց հիմնելու

-Այո դասավանդում եմ ոկալ-էստրադային բաժնում, ունեմ շատ շնորհալի ուսանողներ: Դեռևս համարում եմ այսքանր բավարար է երիտասարդ սերնդի համար:

 Երբեմն մենակ մնալը համարու՞մ եք կյանքի անհրաժեշտություն

-Ես շատ սիրում եմ մենակ մնալ, ասեմ ավելին, սիրում եմ մենակ հեռու գնալ մեքենայով, իմ սիրելի երաժշտությունն եմ միացնում, և սկսում եմ խորհել կյանքիս մասին:


Իսկ հանուն ինչի՞ կամ ու՞մ եք պատրաստ զոհաբերել Ձեր կյանքը

-Տղաս, ընտանիքս և ընկերներս միանգամից եկան մտքիս…


Այն, որ ունեք սիրելու ունակություն դա շատերին է հայտնի: Ի՞նչ եք կարծում սերը անխնա բաժանելիս այն պակասում է

-Առհասարակ ես շռայլ եմ հարաբերությունների մեջ, սակայն սիրում եմ ոչ բոլորին միայն ամենամտերիմնեիս: Բնականաբար, սերը տալուց միայն շատանում է այն:

Ունե՞ք դրված նշաձող, որին ձգտում եք հասնել, թ՞ե կարծում եք կյանքը ավելին է տվել քան դուք ակնկալում էիք

-Ինձ համար կան այնպիսի արտիստներ, որոնք ինձ համար նշաձող են և ամբողջ աշխարհի համար: Առհասարակ ես միշտ սովորում եմ նրանցից շատ բաներ, որովհետև կարծում եմ, որ շատ քիչ բան գիտեմ իմ կյանքում:

Արդեն հասկացել ե՞ք ինչու եք ծնվել և որն է Զեր առաքելությունր այս կյանքում

-Շատ եմ մտածել այս թեմայի շուրջ մեկ-մեկ նույնիսկ մտածում եմ կարող է պետք է ուրիշ մասնագիտություն ընտրեի, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ Աստված ցանկացել է, որ հենց այս ասպարեզում աշխատեմ և լավ գործեր անեմ:

Ո՞րքան գումար է անհրաժեշտ ունենալ, որպեսզի երգ պատվիրել Հայկոյին, ասում են, որ Հայկոն կամ նվիրում է շատ մտերիմներին կամ վաճառում է շատ թանկ

-Այո՛, մտերիմներիս միայն նվիում եմ, իսկ ինչ վերաբերում է գներին ճիշտ է շուկայական գներից մի փոքր բարձր է, բայց վստահ կարող եմ ասել, որ մենք տալիս ենք այնպիսի որակ, որը համապատասխանում է իր գնին:

Կարծում եմ երկնակամարում կան շատ ասղեր, որոնք հանգած են և այլևս չեն փայլում, մեր հայկական երգարվեստում կարծում եմ Հայկոն ունի իր ուրույն տեղը և իր երկրպագուների համար միշտ փայլում է…

Մարի Ավանեսյան