Վրացահայ հասարակական-քաղաքական գործիչ Վահագան Չախալյանը երեկ այցելել էր Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք էր մատուցել Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, որից հետո մի քանի լրատվամիջոցների թղթակիցների հետ զրույցում խոսել էր Վրաստանի ներքաղաքական խնդիրների և ջավախահայությանը վերաբերող հարցերի մասին։

Ըստ Վահագն Չախալյանի` Վրաստանում այսօր երկիշխանություն է.«Նոր հատվածը փորձում է բուժել այն վերքերը, այն բաները, որը որ թողել է Սահակաշվիլիի ռեժիմը»,- ասաց նա և հավելեց.«Երբ մենք տարիներ առաջ բարձրաձայնում էինք, որ Սահակաշվիլիի ռեժիմն ամեն ինչ անում է հայաթափելու համար Ջավախքը և այդ հայաթափումը ոչ թե Վրաստանի ժողովրդի համար է, Վրաստանի պետական շահերից ելնելով, այլ երրորդ ուժի: Ասում են, որ այդ ամենն անում են թուրք-ադրբեջանական կապիտալի միջոցով»:

Իսկ Նոր իշխանություններն ասում են այն ամենն, ինչի մասին 5 տարի առաջ բարձրաձայնում էին վրացահայ գործիչները:

Չախալյանը պատահական չի համարում այն, որ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը Միխեյիլ Սաակաշվիլին այցելեց Թուրքիա:

«Այդքան էլ միամիտ չեմ, որ մեծ սպասելիքներ ունենամ ու հետո էլ  բարձրաձայնեմ սպասելիքներս: Մի քիչ անկայուն է վրացական քաղաքական դաշտը վերջին 20 տարիների ընթացքում ու քաղաքական գործիչներն էլ շատ անհետևողական են իրենց խոստումների մեջ, բայց հուսադրողն այն է, որ նոր վարչապետն ավելի նոր որակի քաղաքական գործիչ է: Ավելի շուտ  ինքը  քաղաքական գործիչ չէ: գործարար դաշտից է մտել քաղաքական դաշտ: Ինքը քիչ թե շատ հայտնի է իր խոստումնապահությամբ»,­ առանձնացերց Վահագն Չախալյանը:

Ներկայացնում  ենք YerevanNews.am-ի տեսանյութը: