Քանիցս խոսվել է ԱԺ նիստերն անհարկի երկարացնելու և արտահերթ նիստերում տեղի ունեցող ջուրծեծոցիների մասին, սակայն ինչքան գնում, կենացներն այնքան քաղցրանում են: Հիմնական խնդիրն այն է, որ պատգամավորները ԱԺ ամբիոնից խոսում են բառացիրոնե ամեն ինչից՝ նապոլեոնյան արշավանքներից մինչև կիբերհանցագործություն, ու երբեմն օրակարգում քննարկվող հարցի մասին անգամ վանկ չեն ասում:

Վերջին արտահերթը գերազանցեց հանրության սպասումները, քանի որ վերածվեց «չլիկ-դաստա» միջոցառման ու շարունակում է զարգանալ:

Զարուհի Փոստանջյանի և ՀՀ ԱԺ իշխանական թևի, իսկ ավելի կոնկրետ՝ նախագահության հակամարտությունն այդպես էլ չի հանգուցալուծվում: Արդյունքում ԱԺ նախագահությունը գնալով ավելի ու ավելի ծիծաղելի վիճակում է հայտնվում:
Փոստանջյանը, ինչպես ԱԺ բոլոր քառօրյաներում, այնպես էլ երեկ մեկնարկած արտահերթ նիստում, հերթագրվեց ելույթի համար, սակայն իր ելույթը նվիրեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին՝ պնդելով, թե այն կեղծվել է, նա ասաղ, թե որքան կործանարար կլինի Հայաստանի համար ներկա իշխանությունների հետագա պաշտոնավարումը:

Կենացները քաղցրացան այսօր, երբ արտահերթ նիստի ժամանակ Արտաշես Գեղամյանը, մոռանալով քննարկման բուն թեման՝ ՔԿՀ-ում կալանավորների վերաբերյալ փոփոխությունների նախագիծը, սկսեց գովերգել իշխանություններին: Գեղամյանի գովքը տհաճություն պատճառեց անգամ մաեստրո Գրիգորիչին: Գալուստ Սահակյանը փորձեց նրան լռեցնել: «Հանգիստ եղեք Գալուստ Գրիգորիչ, ես չեմ կանգնի ամբիոնի վրա, ինչպես արել եմ»,- ասաց Ա. Գեղամյանը:

Ինչպես ասում են՝ մեկը մյուսին լրիվ արժանի ու փոխլրացնող դեմքեր են` ըստ իրենց աշխարհընկալումների:

Արմեն Հովասափյան