Այսօր՝ դեկտեմբերի 16-ին ԱԺ-ում շարունակվում է արտահերթ նստաշրջանը: Նիստի ընթացքում ԱԺ-ն ընդունեց մի շարք օրենքի նախագծեր: Նիստին գրանցվել է 103 պատգամավոր։
Ազգային ժողովը միաձայն ընդունեց «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նոր փոփոխությունների շնորհիվ կալանավարված և ձերբակալված անձինք հնարավորություն կունենան իրենց պաշտպանների հետ հանդիպել նաև ոչ աշխատանքային օրերին և ժամերին: Ընդ որում, հանդիպումների ժամն ու տևողությունը ևս չի սահմանափակվելու:
Ընդունվեց նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագծի ընդունման դեպքում ՀՀ քաղաքացիների համար հնարավորություն կընձեռվի ստանալ բարոյական փոխհատուցում այն դեպքերում, երբ նրանց իրավունքների ոտնահարում է տեղի ունեցել, դրա հետևանքով կրել են ոչ նյութական վնաս, իսկ պատճառն է եղել պետական մարմնի կամ պաշտոնատար անձի գործողությունը, անգործությունը կամ որոշումը:
Իսկ ՀՀ պետական զինանշանի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 97 պատգամավոր, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեղան: Կառավարությունը հնարավորություն կստանա սահմանել ՀՀ պետական դրոշի և զինանշանի կիրառության էտալոնային ձևը:
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ՀՀ օրենքի նախագիծը: