«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Դեկտեմբերի 15-ին «էլիտ Շանթ» ՍՊԸ-ի սեփականատեր Յուրա Ղարիբյանի առանձնատան վրա տեղի ունեցած ավազակային հարձակման գործով բավականին ուշագրավ զարգացումներ են սկսել տեղի ունենալ:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի՝ մի տղամարդ, որը, ինչպես հետո պարզվեց, եղել է գործարար Գևորգ Սարգսյանը, ներխուժել է Ղարիբյանների տուն: Ընտանիքի անդամների հետ ծավալված կռվի արդյունքում Գևորգ Սարգսյանը սպանվել էր:

Պաշտոնապես հայտնի դարձավ, որ ՀՀ քննչական կոմիտեն դիմել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Գևորգ Սարգսյանի տանը խուզարկություն անցկացնելու համար, սակայն դատարանը միջնորդությունը մերժել է:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դատարանից իրավապահներին ակնարկել են, որ ավազակային հարձակման վարկածին իրենք այդքան էլ չեն հավատում, առավել հակված են կարծելու, որ իրականում Սարգսյանը գնացել է Ղարիբյանների տուն՝ ինչ-որ հարցերի շուրջ զրուցելու, բայց վեճ է բռնվել, ինչի արդյունքում նա սպանվել է: Իսկ քննիչները ցանկանում են խուզարկությամբ պարզել Ղարիբյանի և Սարգսյանի կապը, ինչպես նաև հասկանալ՝ նա համայնքում գրանցված ավազակային ի՞նչ հարձակումների հետ է կապ ունեցել:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում։