Աժ արտահերթները գնալով էլ ավելի են քաղցրանում ու անուշանում:
Այսօր արդեն Մաեստրոն չէր ուզում լսել քննադատական ու վերլուծական ելույթներ ու փորձում էր մեղմել տաքցող մթնոլորտը:
ՎՊ 2014 թվականի տարեկան հաշվետվության ժամանակ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, ասելով, որ երեք տարի տևած ջանքերից հետո, հազիվ հաջողվեց բացահայտել մի կոռուպցիոն մեխանիզմ՝ կապված Իշխան Զաքարյանի հետ: Իսկ բացահայտումն ուշանում էր, քանի որ վերջին ժամանակներս հնարավոր չէր լինում ՎՊ նախագահին «բերման ենթարկել» ԱԺ: «Բայց երեկ, Իշխան Զաքարյանը մեզ հետ էր, մեր կողքին նստած, և մենք շատ հպարտ էինք, որ Զաքարյանն այստեղ էր, մեր կողքին նստած»,- ասաց Փաշինյանը:
ԱԺ նախագահը ընդհատեց Փաշինյանին, ասելով, որ պետք է ՎՊ հաշվետվությունից խոսի, ոչ թե Իշխան Զաքարյանի կառուցած դղյակի մասին: Նիկոլ Փաշինյանը հակադարձեց, ասելով. «Ուզում եք խորհրդարանական քննարկման մակարդակի ելույթ ունենա՞մ, ասենք՝ արտասանե՞մ ԱԺ ամբիոնից: Ասեմ՝ նապաստակ, նապաստակ, ինչ ես նստել ծառի տա՞կ»:
Դահլիճից ՀՀԿ-ականների թևից հեգնեցին, թե «ավելի նպատակահարմար է «Ծիտիկ-ծիտիկը» արտասանե»ս, ինչին Նիկոլը նույն ոգով հակադարձեց. «Ծիտիկ-ծիտիկը» ձեր խմբակցության անունից կհնչի, ֆրակցիաների ելույթի ժամանակ»:
ԱԺ դահլիճն ակամայից հիշեցնում է ոչ թե գրական-գեղարվեստական կամ պոեզիայի ցերեկույթներ, այլ սարկազմի ու ձեռառնոցու ռինգ:
Արմեն Հովասափյան