Բացման խոսքում պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը փաստել է, որ հանձնաժողովի գործունեությունն ունի մեծ նշանակություն, առկա են ձեռքբերումներ, որոնց հիման վրա պետք է զարգացնել հաջողությունները: Դավիթ Տոնոյանը նաև նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ակտիվ ու նախաձեռնող է գերիներին հայրենադարձելու և անհայտ կորածների ընտանիքներին բարոյական, ֆինանսական և սոցիալական աջակցություն ցուցաբերելու հարցում:

Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են 2015թ. ընթացքում իրականացրած միջոցառումներն ու ծրագրերը, հանդես եկել առաջարկություններով: Նախանշվել են 2016 թվականի աշխատանքային հիմնական ուղղությունները:

Նիստին մասնակցող ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Կարոլին Դուեյզին բարձր է գնահատել՝ Ղարաբաղյան հակամարտության արդյունքում անհայտ կորածների ճակատագրերը և նրանց հնարավոր աճյունների գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ ՊՆ և հանձնաժողովի համագործակցությունը և նշել, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության աշխատանքային խմբերի միջև հանդիպում կազմակերպելու համար:

Նույն օրը ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Նիստի ընցացքում քննարկվել են հայրենիքի պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակի տրման ընթացակարգով սահմանված դրույթները, խնդրահարույց հարցերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ճշգրտվել են հանձնաժողովին ներկայացված ցուցակները: Ըստ այդմ՝ միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է մարտական գործողությունների մի շարք մասնակիցների համապատասխան կարգավիճակի շնորհելու դիմումները: ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու փաստը չհիմնավորվելու պատճառով մերժվել են 4 քաղաքացիների դիմումները: