«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` ապրիլի 24-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի զորամասերից մեկում՝ հայ-ադրբեջանական սահմանին, կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով զինվոր է վիրավորվել: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 98-րդ տարելիցի օրը հակառակորդ կողմը հերթական անգամ չզսպեց իր ագրեսիան և հիշեցնել տվեց իր մասին:
Ըստ թերթի տեղեկությունների` հակառակորդի կողմից հրազենային վնասվածք
ստացած զինվորը Լեռնային Ղարաբաղի Հադրութի զորամասերից մեկում շարքային ծառայող, Արարատի մարզի Բերդիկ գյուղի բնակիչ 20-ամյա Իսրայել Թավերդյանն է: Դեպքից հետո վիրավորված զինվորին անմիջապես տեղափոխել են Մարտունու զինվորական հոսպիտալ: Նրա առողջական վիճակի, ինչպես նաև տեղի ունեցածի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը նախ զրուցել է Բերդիկի համայնքապետ Ալբերտ Բաղդասարյանի հետ: Սակայն բացահայտվել է ուշագրավ իրողություն:
Գյուղապետը, լսելով տեղեկությունը, զարմացած ասել է, թե վիրավորված զինվորը հենց իր բարեկամն է. «Նրանք մեր կողքի տանն են ապրում, բայց այդ մասին չգիտեմ՝ տեղյակ են, թե ոչ: Ես առաջինը Ձեզանից եմ լսում այդ մասին»: Ավելի ուշ, երբ համայնքապետը զրուցել է վիրավորված զինվորի հարազատների հետ, «Ժողովուրդ»-ին տեղեկացրել է, որ ընտանիքի անդամները ևս տեղյակ չէին կատարվածից և լսելով լուրը՝ շտապել են Արցախ:
«Պատկերացնո՞ւմ եք, երբ ես Ձեզանից իմացա, անմիջապես ասացի ծնողներին: Ու պատկերացրեք՝ նրա հայրը` Գառնիկը, և մայրը` Հասմիկը, ոչնչից տեղյակ չէին: Պարզապես որոշել էին գիշերը՝ ժամը 3-ին, ճանապարհ ընկնել դեպի Ղարաբաղ՝ դիրքերից իջած իրենց որդուն տեսության»,- վստահեցրել է համայնքապետը: Բաղդասարյանի հավաստիացմամբ՝ ընտանիքի անդամներն Իսրայելի հետ վերջին անգամ խոսել են ապրիլի 22-ին, ու տղան գնացել է դիրքեր: Իսկ երբ «Ժողովուրդ»-ի հեռախոսազանգից հետո իմացել են կատարվածի մասին, անհանգստացած ծնողները կարողացել են կապ հաստատել և խոսել Հադրութի զորամասի հրամանատարի հետ:
«Հրամանատարն ասել է, որ ամեն ինչ կարգին է, տղայի կողքն է վնասվել, և նրան տեղափոխել են հիվանդանոց: Ներկա պահին միայն այսքանը գիտենք»,- թերթին փոխանցել է գյուղապետը:
Ինչո՞ւ ՀՀ պաշտպանության նախարարությունը կամ ԼՂՀ պաշտպանական բանակը չեն տեղեկացրել ծնողներին, որ իրենց երեխան վիրավոր է: Այս հարցի պատասխանը երեկ «Ժողովուրդ»-ը չի կարողացել ստանալ: ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չի պատասխանել հեռախոսազանգերին:
Սահմանին զինվոր է վիրավորվել, իսկ ՊԲ-ն ծնողներին չի տեղեկացրել


