ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Կորյուն Գևորգյանի և Քաջիկ Մուսայելյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել նրանց առաջադրված մեղադրանքը և դատապարտել` անչափահաս «աղջիկ փախցնելու» համար:
Ըստ մեղադրանքի` Կորյունը սիրած աղջկան առևանգելու որոշում է կայացրել` իր մտադրությունն իրագործելու համար ներգրավելով նաև ընկերներին:
Դատարանում Կորյունն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն` ժխտելով ընկերների մասնակցությունը: Սակայն նախաքննության մարմինը և դատարանը ընկերների` մասնավորապես Քաջիկի մասնակցությունը հաստատված է գնահատել և նրան ևս դատապարտել, իսկ մյուս ընկերոջ` Գևորգի նկատմամբ հայտարարել է հետախուզում:
Ըստ դատավճռի` Կորյունը մի ձեռքով փակել է աղջկա բերանը, մյուսով գրկել նրա մեջքը, իսկ երկու ընկերները բռնել են ոտքերից և հարկադրաբար նստեցրել ավտոմեքենա:
Աղջկան մի երկտող են գրել տվել. «Ես իմ ոտքով եմ եկել, Կորյունին բան չասեք»:
Դատարանը Կորյուն Գևորգյանին և Քաջիկ Մուսայելյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով և Կորյունին դատապարտել 4 տարի 6 ամսվա, իսկ Քաջիկին` 4 տարվա ազատազրկման:
Դատավճիռը բողոքարկել են Կ.Գևորգյանի շահերի պաշտպանը և Ք.Մուսայելյանը: Նրանք պահանջել էին պատիժը մեղմացնել, կիրառել պայմանական դատապարտություն:
Վերաքննիչ դատարանը բավարարել էր վերաքննիչ բողոքները:


