Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, մեկնաբանելով «Մավի Մարմարայի» միջադեպի հետ կապված Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, նշել է, որ թուրքական կողմը նման քայլի է դիմել՝ բացառապես հանուն պաղեստինցի արաբների շահերի:
«Մեր միակ նպատակն է՝ օգնել՝ լուծելու մեր պաղեստինցի եղբայրների խնդիրները: Մենք չենք փոխում մեր դիրքորոշումը՝ Գազայի հատվածի շրջափակման վերացման հարցում»,- նշել է Դավութօղլուն:
Թուրքիայի վարչապետի վերոնշյալ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան դասական երեսպաշտության հերթական դրսևորում: Այս համատեքստում, ցանկացած բանական էակի մոտ տրամաբանական և օբյեկտիվ հարցադրում է առաջանում թուրքական գործող իշխանությունների դիրքորոշման փոփոփխման հետ կապված՝ «Ի՞նչու հենց հիմա որոշվեց կարգավորել արդեն ավելի քան 5 տարի շարունակվող հիմնախնդիրն Իսրայելի հետ»: Ի դեպ, այս պարզունակ հարցադրման բավական արդարացի մեկնաբանությունն պաշտոնական մակարդակով արդենիսկ հնչել է Թուրքիայի արևելյան հարևանններից մեկի՝ Իրանի կողմից՝ ԱԳՆ մամուլի խոսնակ Հոսեյն Ջաբեր Անսարիի շուրթերով՝ «Մուսուլմանական կառավարություններն ընդհանուր քաղաքականության մեջ պետք է կողմնորոշվեն «ումմայի» (մուսուլմանական կրոնական համայնք) շահերին և պաղեստինյան ազգաբնակչության իրավունքներին համապատասխան: Թուրքական կառավարությունը չպետք է ընտրի այլ ճանապարհ՝ «Երուսաղեմն» օկուպացրած վարչակարգի հետ հարաբերվելիս»:
Իսկ «Ինչու՞ հիմա» պարզունակ հարցի պատասխանն ակնհայտ է: Թուրքիան հանկարծ որոշեց բարելավել Իսրայելի հետ խնդիրները միայն այն պամաններում, երբ գրեթե նմանատիպ հիմնախնդրին դեմ հանդիման բախվեց Ռուսաստանի հետ հարաբերություններում` Սիրիայի հետ սահմանին խոցելով ռուսական Су-24 ռազմական ինքնաթիռը. բայց այս դեպքում արդեն մեղադրանքների սլաքներն ու սպառնալիքներն ուղղվեցին Անկարայի կողմը:
Նման իրավիճակում, օբյեկտիվ մտավախություն ունենալով սեփական էներգետիկ անվտանգությանը միտված հնարավոր սպառնալիքների հարցում, թուրքական իշխանությունները փորձեր ձեռնարկեցին՝ Ռուսաստանի կողմից բավարարվող Թուրքիայի գազային պահանջարկի 55-58%-ին հնարավոր այլընտրանքներ որոնելու ուղղությամբ: Այդ նպատակով՝ Կատարի, Ադրբեջանի հետ միասին դիտարկվեց նաև Իսրայելի թեկնածությունը, և հենց սրանով է պայմանավորված պաշտոնական Անկարայի դիրքորոշման մեջ արձանագրված շրջադարձային փոփոխությունը:
«Ինչու՞ հիմա» հարցի հաջորդ, փոքր-ինչ երկրորդական պատասխանն էլ այն է, որ Թուրքիայում առաջիկայում նախատեսված չեն ընտրական գործընթացներ, իսկ թուրք-իսրայելական հակամարտությունը այդ երկրում իշխող վարչակարգը օգտագործում էր բացառապես որպես «հռետորաբանական գործիք»՝ մուսուլման ազգաբնակչության կրոնական «զգացմունքները շոյելու» նպատակով:
Մինչդեռ այն հանգամանքը, որ Իսրայելի կողմից Գազայի հատվածի ամբողջական շրջափակման վերացումը (հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի առաջ քաշած վերջին նախապայմանը) բացառվում է, այս մասին բազմիցս հայտարարել է հենց Իսրայելի վարչապետը՝ հավաստիացնելով, որ «Իսրայել պետության անվտանգության հարցը գերակա է բոլոր տեսակի շահերի նկատմամբ»:
Ահմեթ Դավութօղլուն, շարունակելով խոսել իսրայելաթուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին, ակնհայտ չարամտությամբ հիշեցրել էր նաև, որ դեռևս 2013 թ. մարտին ԱՄՆ-ի ճնշման ներքո Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն զանգել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և ներողություն խնդրել «Մավի Մարմարայի» միջադեպի հետ կապված: Բացի այդ, Դավութօղլուն նաև ընդգծել է. «Այսպիսով, Թուրքիան դարձել է առաջին պետությունը, որը վայելել է Իսրայելի ներողությունները: Մենք որևէ մեկի հանդեպ զիջումների չենք գնում, մենք պաշտպանում ենք մեր իրավունքները»:
Ինչ վերաբերում է Թուրքիայի վարչապետի նման ինքնավստահ հայտարարությանն, ապա, կասկածից վեր է, որ ոչ շատ հեռու ապագայում Իսրայելի տեղում հայտնվելու են թուրքական իշխանությունները, գուցե ոչ ներկայիս: Պետք է միայն հիշեցնել, որ ռուսական ռազմական ինքնաթիռի խոցման վերոնշյալ միջադեպի հետ կապված պաշտոնական Մոսկվայի կողմից ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում առաջ քաշված նախապայմաններից առնվազն երկուսը (ներողություն պաշտոնական մակարդակով, հասցված վնասի փոխհատուցում) նույնն են, ինչ իսրայելաթուրքականի դեպքում: Եվ այս համատեքստում, Անկարայի համար այնքան կենսական ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն անհնար է շրջանցի վերոնշյալ նախապայմանների կենսագործման պարագան:
Հ.Գ. Սարերի հետևում չէ նաև այն օրը, երբ թուրքական իշխանությունները ներողություն են խնդրելու հայ ժողովրդից և Օսմանյան կայսրության տարածքում ժամանակին բնակված բոլոր այն էթնիկ խմբերից, ում հանդեպ իրենց իրավանախորդները գործել են մարդկության դեմ իրականացվող հանցագործություններից ամենասարսափելին՝ ցեղասպանությունը:
Արմեն Պետրոսյան