ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին ներկայացվել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Բեռն և Մոսկվա կատարած այցից մանրամասներ: Նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ևս մեկ անգամ հաստատվել է, որ ՀՀ դիրքորոշումը Արցախի հիմնահարցի վերաբերյալ փոփոխություն չի կրել:
«Մենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից ենք, Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով: Մենք գտնում ենք, որ խնդիրը պետք է լուծվի երեք հայտնի սկզբունքների հիման վրա և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չի կարող ունենալ:
Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, ինչ ունի այսօր, իսկ փաստացի այսօր Արցախը անկախ հանրապետություն է»,- ասաց նա:
Շարմազանովը անդրադարձավ նաև ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի այն հայտարարությունը, որ սահմանին տեղի ունեցածն այլևս հրադադարի խախտում չէ, այլ պատերազմ: ԱԺ փոխխոսնակի պնդմամբ չի կարելի ասել, որ մենք պատերազմում ենք:
«Բնականաբար սա խաղաղություն չի, բայց պատերազմ էլ չի: Պատերազմն այլ բան է, պատերազմ էր 1991, 92, 93, 94թթ-ին, մենք պետք է ձգտենք, որ խաղաղությունը հաղթի, հասնենք նրան, որ պատերազմ չլինի և պետք է հայացքներս ուղղենք անվտանգության ամրապնդմանը»,- ասաց նա:
Իսկ հասարակությանը մնում է համբերատար սպասել, որ պետությունը որոշի լրջորեն հայտարարել, պատերազմ է, թե ոչ....