Սպառողների իրավունքների պաշտպանվածության մակարդակը Հայաստանում գտնվում է «ոչ այնքան բարենպաստ» սանդղակի վրա: Սա վերաբերում է նաև ՀՀ բանկային համակարգին և վարկային շուկայի սպառող հանդիսացող քաղաքացիներին: ՀՀ-ում գործող առևտրային բանկերը օգտվում են բնակչության սոցիալական պայմաններից և թելադրում խաղի իրենց կանոնները, ինչի արդյունքում տուժում է միայն հասարակ սպառողը:
Սրա վառ օրինակ է հանդիսանում «Անելիք» բանկի կողմից առաջարկվող վարկատեսակը, որը անկասկած մեծ եկամուտներ է ապահովում բանկի համար:
Խոսքը գնում է առանց գրավի տրամադրվող հետևյալ երկու վարկատեսակների մասին՝ «Պարզ-արագ ունիվերսալ» և «Արագ պլյուս»: Վարկերը տրամադրվում են տարբեր ժամկետներով և տարբեր չափերով, 24 տոկոս տոկոսադրույքով: Վարկի տրամադրման հիմք է հանդիսանում միայն վարկառու ունեցած վարկային պատմությունը: Նշենք, որ «գրանցված աշխատող» չլինելու հանգամանքը վարկի տրամադրման համար հիմք չի հանդիսանում:
Ուշագրավ և աբսուրդային հանգամանքն այն է, որ վարկի հայտի ուսումնասիրման համար վարկառուն բանկին վճարում է 5000 դրամ միջնորդավճար, որը չի վերադարձվում:
YN.am-ի (Yerevan News-Երևան Նյուզ) խմբագրություն արդեն դիմել են մի քանի դժգոհ քաղաքացիներ, ովքեր վճարել են վարկի հայտի ուսումնասիրման համար, սակայն՝ մերժվել: Բանկը պոտենցիալ սպառողներից նախապես գանձում է վճար, որը հետագայում չի վերադարձնելու, միևնույն ժամանակ մերժում է նաև վարկ տրամադրելու հարցում:
Այս պարագայում «Անելիք» բանկը օգտվում է սպառողների անելանելի վիճակից և գերշահույթ ապահովում: Նախապես 5000 դրամ վճարելուն համաձայնվող մարդը չունի այլ տարբերակ. աշխատում է առանց գրանցման, չունի գրավի առարկա: Փակուղու առջև հայտնված մարդը, ով չունի այլ տարբերակ, դիմում է բանկին, սակայն անօգուտ:
Ներկայումս ՀՀ քաղաքացիներից շատերի համար նշված գումարը հանդիսանում է մի քանի օր գոյատևելու համար անհրաժեշտ միջոց, այնինչ բանկը՝ չբավարարվելով ահռելի տոկոսադրույքների հաշվին ստացվող հսկայական եկամուտներով, քաղաքացիներից «քերում» է միգուցե և վերջին 5000 դրամը:
Վարկը տրամադրվում է 24 տոկոս տոկոսադրույքով, սակայն որպես հայաստանյան բանկերի կողմից ընդունված և կիրառելի փորձ, միջնորդավճարների և այլ վճարների հաշվին, իրական տոկոսադրույքը կազմում է ավելի քան 40 տոկոս:
Նշենք, որ YN.am-ը (Yerevan News-Երևան Նյուզ) պարբերաբար անդրադառնում է ՀՀ բանկային համակարգի խնդիրներին և առևտրային բանկերի կողմից իրականացվող չարաշահումներին: