«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Մեզ հայտնի դարձավ, որ իշխանության ներսում որոշվել է ժամանակ չկորցնել և 5-րդ գումարման Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանը, որը մեկնարկելու է փետրվարի 1-ին, սկսել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկմամբ:
Մինչ այդ քաղաքական ուժերն արդեն Ընտրական օրենսգրքի շուրջ որոշակի կոնսուլտացիաներ սկսել են և պայմանավորվել, որ Ամանորի տոներից անմիջապես հետո խորհրդարանում փակ քննարկումներ անեն այդ հարցով:
Մեր տեղեկություններով, այս պահին դեռ որևէ հստակություն չկա՝ համամասնական ընտրակարգի որ տարատեսակն է վերջնական քննարկման դրվելու:
Հիշեցնենք՝ նոր Սահմանադրությամբ անցում է կատարվում 100 տոկոս համամասնական ընտրակարգին և ընտրական պրոցեսում ռադիկալ փոփոխություններ են սպասվում: Խորհրդարանական ուժերը պայմանավորվել են, որ հունվարյան փակ քննարկումների ընթացքում յուրաքանչյուրը կներկայացնի իր տեսլականն ու առաջարկները, և որոշակի համաձայնություններ ձեռք կբերվեն:
Երեկ մեզ հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե կարծում է, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի քաղաքական ներկապնակը էապես տարբերվելու է մինչ այդ եղած քաղաքական պատկերից»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: